Ներքին 3 ժամ առաջ - 11:30 13-06-2026

Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան

Հետընտրական անոմալ զարգացումներ: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր։

Ներքին վիճակ

Հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած։ Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացմանը և հանդարտացմանը։ Գնում է նման ընթացքի՝ իր իսկ շահերից ելնելով։ Հայաստանում լրիվ հակառական է՝ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է հասարակության կեսին համարել թշնամի։

Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ։ Հայաստանի իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։ Սա վտանգ է հենց իշխանության համար, բայց կա ինչ-որ բան, որը նրանց դրդում է՝ մրցակիցների հետ շարունակել բացառապես իրավապահների միջոցով հարաբերությունները։ Ես ինքս անկեղծորեն չեմ հասկանում պատճառը։

Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել։

Իշխանության լեգիտիմություն

Երբ գործող վարչապետը հայտարարում է, որ շատ ավելի լավ, եթե ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամավորներով, ինքն էլ շատ լավ գիտի, որ դա այդպես չէ։ Ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ է ԱԺ-ում ունենալ իրեն սուր քննադատող ընդդիմություն, քան՝ աշխատել մենակով։

Սա ուղիղ ճանապարհ է իշխանության հանրային ոչլեգիտիմության ընկալման համար։ Եվ արտաքին աշխարհի համար նույնպես սա կդառնա կիսաիշխանություն։ Իշխանությունը սա լավ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամեն ինչ՝ լրիվ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար։

ԲՀԿ-ի շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ Սա հասկանում են բոլորը։ ԿԸՀ-ում 4%-3.996% քաղաքական-տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի։

Տնտեսություն

Իշխանությունը բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Իշխանությունը և տնտեսվարողները շատ լավ գիտեն, որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։ Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում։

Ադրբեջան, Թուրքիա

Այս երկու պետություններում նույնպես ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները։ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները։ Դա չի անելու TRIPP-ի զոնայում՝ Թրամփի սահմանած խաղաղությանը չվնասելու համար։ Դա անելու է այլ հատվածներում, և հայ ժողովուրդը հանկարծ հասկանալու է, որ Հայաստանի մյուս հատվածները և ադրբեջանական մյուս պահանջները չեն մտնում Թրամփի խաղաղության երաշխիքների մեջ։ Դժվար չէ հաշվարկել ընդամենը 2-3 ամսվա զարգացումները՝ այս ներքին մթնոլորտով, այս լեգիտիմության ԱԺ-ով, և այս տնտեսական իրավիճակով։ Սա մի զարգացում է, որն առաջին հերթին չի բխում իշխանության շահերից։ Այդ դեպքում ինչո՞ւ է իր քայլերով գնում այդ ընթացքին։

Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ։ Ինչո՞ւ չեն հասկանում, որ իշխանական հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածները տարբեր «նավերով» չեն ընթանում այս ամենի միջով, և սպառնալի զարգացումները կոլապսի են բերելու մեր ամբողջ երկիրը՝ իր բոլոր բնակիչներով։

Հայաստանն այլևս չունի որևէ ստրատեգիական խորություն՝ խուսանավելու համար»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը