Ռուս թուրքագետ, արևելագետ Վլադիմիր Ավատկովն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջին հայտարարություններին:
Ավատկովը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիայի կողմից «F-35» կործանիչների ծրագրից դուրս մնալու գլխավոր պատճառը ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերն են, ցույց է տալիս, որ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել։
Ըստ ռուս փորձագետի՝ սա հերքում է այն թեզերը, թե Անկարայի կողմից Ռուսաստանի դեմ կատարված որոշ «ոչ բարեկամական քայլերը» կարող են հարթել Թուրքիայի վերադարձը ամերիկյան կործանիչների ծրագիր։
Ավատկովի վերլուծությամբ՝ արևմտյան երկրները, փորձելով պահպանել իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Բալկաններում, անկախ և հզորացող Թուրքիային դիտարկում են որպես սպառնալիք իրենց շահերին․
«Թուրքական ղեկավարության նման մանևրները երկրին որևէ շոշափելի օգուտ չբերեցին, սակայն լուրջ ռիսկեր ստեղծեցին ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ Արևմուտքը սկզբունքորեն շահագրգռված չէ Թուրքիայի հզորացմամբ և Մոսկվայի հետ կայուն գործընկերության հաստատմամբ»,- նշել է ռուս թուրքագետը։
Փորձագետը հավելել է նաև, որ Անկարայի աճող ռազմական ու տնտեսական պոտենցիալը թույլ է տալիս նրան վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն, ինչն էլ մարտահրավեր է նետում տարածաշրջանում Արևմուտքի գերիշխանությանը։
Հիշեցնենք, որ Ռուբիոն մայիսի 4-ին հայտարարել էր, որ S-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո Թուրքիան չի կարող ստանալ «F-35 » կործանիչներ, ապա դա պայմանավորել օրենսդրական կարգավորումներով, իսկ Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն էլ Ռուբիոյի հայտարարություններից հետո կրկին նշել էր, որ կործանիչների տրամադրման հարցը կարող է լուծվել առաջիկա ամիսների ընթացքում:
Աղբյուր՝ Ermeni Haber