Արտաքին 2 ամիս առաջ - 23:12 03-06-2026

Թուրքիան կխորացնի հարաբերությունները Սինգապուրի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ամփոփել է իր պաշտոնական այցը Սինգապուր, որը հանդիսանում է նրա ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային այցերի առաջին կանգառը:

Ֆիդանը սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ Սինգապուրը դիտարկում են որպես ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկիր և նպատակ ունեն էլ ավելի զարգացնել երկկողմ ու միջազգային հարթակներում առկա համագործակցությունը:

Այցի շրջանակներում թուրքական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ վարչապետ Լոուրենս Վոնգի, արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով համակարգող նախարար Կասիվիսվանաթան Շանմուգամի հետ:

Կողմերը գնահատել են տնտեսության, առևտրի, ներդրումների, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության, թվային տրանսֆորմացիայի և լոգիստիկայի ոլորտներում գործնական քայլերի ձեռնարկումը:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացումներին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Կողմերն ընդգծել են առկա ճգնաժամերը երկխոսության ու դիվանագիտության ճանապարհով լուծելու կարևորությունը:
Ֆիդանը նաև ելույթ է ունեցել ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) կազմակերպած միջոցառմանը՝ ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքական տեսլականը:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված