Հայկական շոուբիզնեսի սիրված զույգերից մեկը՝ երաժիշտ, հաղորդավար Գարիկ Պապոյանն ու նրա կինը՝ Մարիաննա Վարդանյանը, անակնկալ են մատուցել իրենց երկրպագուներին:
Տարիներ շարունակ երկրպագուները սպասում էին այս համագործակցությանը, և վերջապես զույգը ներկայացրել է իրենց առաջին համատեղ զուգերգը, որը կրում է խորհրդանշական «Լուռ» վերնագիրը:
Երգի թողարկումից հետո Գարիկ Պապոյանն իր սոցցանցերի էջերում թողել է բավականին հետաքրքիր ու խորհրդավոր մի գրառում՝ նշելով, որ այս նախագիծը պահվել է գաղտնի. «Սրա մասին ոչ ոք չպետք է իմանար»։
Գարիկի և Մարիաննայի սիրո պատմությունը սկսվել է տարիներ առաջ՝ հենց երաժշտական հարթակում: Նրանք առաջին անգամ հանդիպել են հանրահայտ «X-Factor»նախագծի շրջանակներում, որտեղ Մարիաննան հանդես էր գալիս որպես մասնակից, իսկ Գարիկը ժյուրիի անդամ էր:
Հենց այնտեղ Գարիկը նկատեց նրան, և այդտեղից էլ սկիզբ առավ նրանց սիրո պատմությունը, որն այսօր արդեն վերածվել է ամուր ու գեղեցիկ ընտանիքի: Երկար տարիներ, երբ Գարիկ Պապոյանը հաջողված երաժշտական նախագծեր էր անում և տասնյակ հիթեր թողարկում երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, հետևորդները պարբերաբար նույն հարցն էին ուղղում Մարիաննային. «Իսկ ինչո՞ւ ձեր հետ չի երգում Գարիկը»։
Մարիաննան հումորով միշտ շրջանցում կամ հետաքրքիր մեկնաբանում էր այդ հարցերը՝ գաղտնի պահելով այն միտքը, որ մի օր իրենց սեփական, առանձնահատուկ երգն են նվիրելու հանրությանը: «Լուռ» երգը և դրա հիման վրա նկարահանված հոլովակը կարճ ժամանակում գերել են հազարավոր մարդկանց սրտերը:
Երգի տպավորությունների մասին անկեղծ ու հումորային գրառում է արել նաև ճանաչված բլոգեր, գրող Ռուբեն Եսայանը։
Նա նշել է, որ երգն այնքան ռոմանտիկ էր, գեղեցիկ ու այնպիսի դրական էմոցիաներ արթնացրեց, որ ընթացքում պարզապես «համբուրվելու ցանկություն եկավ»:
Օգտատերերը նշում են, որ երգը կատարյալ է սիրահարների համար և վստահաբար դառնալու է շատ զույգերի սիրելի մեղեդին:
Թամարա Քալանթարյան