Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 20:00 22-05-2026

2025-2026․ «Արևմտյան Ադրբեջանն» ու Ալիևի մեծացող ախորժակը․ մաս 2

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Եթե 2022-2024 թվականները «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի ակտիվ շրջանառության մեջ մտնելու, միջազգայնացնելու, ինչպես նաև կրթական ու գաղափարական ինստիտուցիոնալացման փուլերն էին, որոնք ներկայացրել ենք հոդվածի առաջին մասում, ապա 2025-2026 թվականներին այն Ադրբեջանի իշխանությունների կողմից դարձավ Հայաստանի Հանրապետության դեմ ճնշման նոր գործիք։ Բաքուն սա օգտագործում էր թե՛ որպես բանակցային ճնշման ու հոգեբանական ազդեցության գործիք, թե՛ իր տարածաշրջանային պահանջների «գաղափարական» հիմք։

2025-2026 թվականի զարգացումներն առավել ուշագրավ են հատկապես Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագրի ֆոնին։ Հայաստանի նկատմամբ բազմաթիվ ճնշման գործիքների հետ մեկտեղ Բաքվի վարչակազմը, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն օգտագործելով, ոչ միայն կարողացավ հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի Արցախից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար քաղաքացիների վերադարձի իրավունքը միջազգային հարթակներում առաջ մղելու հանձնառությունից, այլև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում առավելագույն դիրքեր ստացավ։ Հիշեցնենք միայն մի քանի իրողություն․ կողմերը կհրաժարվեն միջազգային ատյաններում իրար դեմ ներկայացված հայցերի, Ադրբեջանը չի պարտավորվի իր զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից, խոսք չկա Բաքվում ապօրինաբար պահվող գերիների ու պատանդների անհապաղ հայրենադարձման մասին և այսպես շարունակ։

Հայկական կողմի միակողմանի այս զիջումների արդյունքում 2025 թվականի մարտին խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվեց, իսկ օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ արդեն նախաստորագրվեց։ Հայաստանի իշխանությունները հատկապես օգոստոսի 8-ից հետո վստահեցնում էին, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի հարցը մեկընդմիշտ փակված է, իսկ խաղաղությունն արդեն հաստատված իրողություն, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում․

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ակտիվորեն առաջ մղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և «վերադարձի» խոսույթը՝ դրանք որակելով որպես «համազգային գաղափար»։

Օրինակ 2025-ի սեպտեմբերի 2-ին՝ համաձայնագրի նախաստորագրումից 1 ամիս չանցած, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը, ով նաև Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր է, այդ օրակարգը համազգային գաղափար էր որակել։ «Այսօր «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների միջազգային իրավունքներին համահունչ պահանջ և ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ ժողովրդի շահերին համապատասխանող հարց։ «Արևմտյան Ադրբեջան»-ի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»,- ասել էր նա՝ փաստելով, որ այս հարցը Բաքվի օրակարգից դուրս չի եկել։

Եթե խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը հաջորդած առաջին ամիսներին այս թեզի քարոզչությամբ զբաղված էին ադրբեջանցի պատգամավորներն ու տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչները, բնականաբար ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության, ապա 2025-ի նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ տարածքային հավակնություններ դրսևորեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Բավական է նայել 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի կողմից հրատարակված քարտեզներին, որպեսզի տեսնեք, որ այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։ Սևանա լիճն այդ քարտեզների վրա չկա։ Գյոյչա լիճը կա, և մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանուններն այնտեղ արտացոլված են»,- նշում էր Ալիևը՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով չվախենալ ադրբեջանցիների «վերադարձից»։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս հայտարարությանը միայն 9 օր անց պատասխանեց, որ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան եղել է, իսկ Ադրբեջան՝ ոչ։

2025-ի նոյեմբերին էլ Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան էլ հայտարարել է, որ 2025-ի ընթացքում պաշտոնական Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաև, որ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերը տարեցտարի աճում են, և 2026-ին նույնպես թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը։

Այգուն Ալիևայի խոսքերը հեռու չէին իրականությունից․ արդեն 2026 թվականի սկզբից Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շարունակել է ակտիվորեն առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան»-ի «գաղափարախոսությունը»՝ այն համեմելով թե՛ տարածաշրջանային հաղորդակցությունների, թե՛ «պատմական» կեղծ նարատիվների հետ։ Նմաբովանդակ ելույթներում Հայաստանը շարունակաբար ներկայացվում էր որպես «պատմական ադրբեջանական տարածք», ադրբեջանցիների «վերադարձը»՝ խաղաղության գործընթացի կարևոր մաս։

Ամփոփելով 2026-ի առաջին 5 ամսիներին Ալիևի հայտարարություններն ու դրանցում առկա կարևորագույն շեշտադրումները՝ նկատում ենք, որ «Արևմտյան Ադրբեջան» թեմայով իր հայտարարություններում վերջինս օգտագործել է պատմական, իրավաքաղաքական և աշխարհաքաղաքական կեղծ շեշտադրումները․

2025-ի դեկտեմբերի վերջից և 2026-ի սկզբից Ալիևը կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» թեմային՝ շեշտելով, որ Բաքուն շարունակելու է բարձրացնել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» հարցը։ Նա շեշտում էր, որ «արևմտյան ադրբեջանցիները» պետք է «վերադառնան իրենց նախնիների հողերը» և այդ հարցը ներկայացրել է որպես միջազգային իրավունքների և «մարդու իրավունքների» խնդիր։ Ալիևն իր այս հավակնությունները ներակայացնում էր ոչ թե տարածքային պահանջի, այլ «մարդու իրավունքների» և «պատմական արդարության վերականգնման» համատեքստում։

Փետրվար-մարտ ամիսներն արդեն «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի պետականացման ժամանակահատվածն էին․ Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում և պաշտոնական միջոցառումներում այս շրջանում ակտիվորեն օգտագործվում էր «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը նկարագրելու համար։ Ալիևը մի քանի ելույթներում նշել է, որ այդ թեման պետք է դառնա ազգային գաղափարախոսության մաս։ Այս շրջանում շարունակվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքին» ցուցաբերվող պետական աջակցությունը։

2026-ի ապրիլին Բաքուն արդեն պաշտոնապես շրջանառության մեջ դրեց «խաղաղ վերադարձի» թեզը։ Ալիևը հենց այս փուլում հայտարարեց, որ Ադրբեջանը «խաղաղ ճանապարհով» է առաջ տանելու «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը, սակայն միաժամանակ ընդգծել է, որ թեման չի փակվելու։ Արդեն մայիսին Ալիևը կրկին օգտագործել է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը՝ Սյունիքի թեման կապելով տարածաշրջանային հաղորդակցությունների հետ, մինչդեռ սա իրականում Սյունիքի նկատմամբ պատմաքաղաքական պահանջների լայն համատեքստ ունի։ Այս մոտեցումը վերջին տարիներին դարձել է ադրբեջանական պետական քարոզչության կարևոր բաղադրիչ։

Զուգահեռաբար նշենք նաև, որ 2026 թվականի մայիսին Ալիևը հերթական անգամ օգտագործել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը՝ հավակնություններ դրսևորելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պաշտոնական Բաքվի այս հավակնություններին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հերթապահ հայտարարությամբ է պատասխանել՝ նշելով, որ Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի տարածքում գոյություն չունի, և որ Ադրբեջանի արևմտյան շրջաններն են «Արևմտյան Ադրբեջանը»։

Այսպիսով՝ մինչև պաշտոնական Երևանը փորձում է չնկատել Բաքվից հնչող այս սպառնալիքները, հայտարարել, որ նման օրակարգ գոյություն չունի՝ Ադրբեջանը չի հրաժարվում դրանից, պետական մակարդակով ֆինանսավորում է այս ծրագիրը, ինչպես նաև նկատելիորեն ընդլայնում դրա աշխարհագրությունը։

«Արևմտյան Ադրբեջան» թեզն Ադրբեջանին հնարավորություն է տալիս պահպանել Հայաստանի վրա ճնշման լրացուցիչ գործիք՝ նույնիսկ Արցախյան հակամարտության ուժային լուծումից և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, ինչը նաև Հայաստանում լրացուցիչ ներքաղաքական լարվածության պատճառ է դառնում։ Բացի այդ, սրանով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ազդել հայկական ներքաղաքական դիսկուրսի վրա․ իր վերջին հայտարարություններում Ալիևը զգուշացրել է, որ եթե Հայաստանում իշխանության գան Բաքվի համար «անընդունելի ուժեր», ապա «Հայաստանի ժողովուրդը կտուժի»։


Մյուս կողմից, մշտապես ունենալով արտաքին թշնամու կերպար, Ալիևն ադրբեջանական հասարակությանն այսկերպ համախմբում է իր շուրջը՝ վերջինիս ուշադրությունը շեղելով երկրում առկա սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներից։

Պետք է փաստենք, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո էլ Բաքվի այս խոսույթը ոչ միայն չի մեղմվել, այլև ավելի է կոշտացել, ինչին, բնականաբար, նպաստում է այն իրողությունը, որ Երևանը պատշաճ կերպով չի հակազդում, միջազգային կառույցների և առանցքային դերակատարների ուշադրությունը չի հրավիրում այս իրողությանը, որն իրականում սողացող պատերազմ է՝ դրանից բխող հետևանքներով։

Ավելին՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչները երբեմն ամենաբարձր մակարդակով փորձում են չքմեղացնել Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարևան երկիրն այժմ անում է նույն բանը, ինչը ժամանակին Հայաստանն է արել։ Մասնավորապես՝ ՔՊ-ականները պնդում են, թե Հայաստանն էլ տարիներ շարունակ հավակնություններ է դրսևորել Ադրբեջանի ողջ տարածքի նկատմամբ, խոսել Բաքուն գրավելու և այնտեղ թեյ խմելու մտադրությունների մասին, սակայն պետք է փաստենք, որ Հայաստանի ոչ մի իշխանություն պետական մակարդակով նման օրակարգ չի գեներացրել, նմանաբովանդակ հայտարարություններ հնչել են բացառապես տարբեր անհատների կողմից, ովքեր պետական որոշումների կայացման մեջ մասնակցություն չեն ունեցել։

«Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում: Չէ՞ որ մենք միշտ ասում ենք, որ էդ մեր պատմական տարածքներն են և այլն, և այլն։ Տրամաբանությունը մտել է հայելային խոսակցության մեջ, հայելային հռետորաբանություն է։ Այսինքն՝ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որի մասին 30 տարի մենք ստեղծել եբք։ Մենք ասել ենք, որ Նախիջևանը Հայաստան է, Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, և իրենք ասել են, որ գալու են Սևան։ Մի խոսքով՝ այս բառապաշարի մեջ ենք մտել, բայց կրկնում եմ՝ կա գործընթաց պայմանագրային, որտեղ ամեն ինչ վերաբերում է պայմանագրի երկու կողմերին հավասարաչափ»,- 2024-ին մի առիթով հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Հավելենք նաև, որ այս հոդվածը պատրաստ էր արդեն հրապարակման, երբ պարզ դարձավ, որ հունիսի 18-19-ը Նախիջևանում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը՝Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ կազմակերպմամբ: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են գիտնականների, հետազոտողների և հասարակական գործիչների զեկույցներ «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների մասին»:Փառատոնային մասում «կներկայացվեն ազգային-մշակութային արժեքները, արվեստի ստեղծագորությունները և միասնության ոգին արտացոլող շնորհանդեսներ»:

Նախիջևանում պետական մակարդակով անցկացվող այս միջոցառմանը հայկական կողմը արձագանքեց բացառապես մտահոգություններով՝ չանցնելով առարկայական ոչ մի գործողության։ Քարոզարշավով տարված Արարատ Միրզոյանը երեկ միայն հայտարարեց, որ այս խոսույթը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ։
«Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք»,- ասել էր նա։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ