Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 շաբաթ առաջ - 10:00 15-05-2026

Մակրոնի այցը սկանդալով է ուղեկցվել, Արսենյանի որդին խոստում է տվել, խոպանչիները խնդիր ունեն․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ՔՊ-ականներին անձամբ՝ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ, իրականացնել քարոզարշավ՝ անկախ կարգավիճակից՝ նախարար են, պատգամավոր, թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով և տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաև ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության և հատկապես ՔՊ-ի մասին։

Ըստ այդմ՝ ՔՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր, և սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղություններով»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի, նրա որդու և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ։

Ավելին, հայտնել էինք, որ պրոռեկտոր Մարիա Իսպիրյանը նախաքննության ընթացքում, պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, պետական բյուջե է վճարել մոտ 5 միլիոն դրամ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին՝ տատին ու պապին, որպեսզի վենդետան կանխեն։

Մերձավանի մեր աղբյուրները հայտնում են, որ գյուղում Օհանյաններ, Ախտոյաններ եւ Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն առավել խստացնել, չնայած հիմա էլ թեթեւ չէ։

Գործող նորմերով՝ ընտրակաշառք տալու համար մինչեւ 8 տարի ազատազրկում է նախատեսվում, ըստ նոր առաջարկության՝ այն կփոխարինվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ: Իսկ ընտրակաշառք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչեւ 7 տարի, նախատեսվում է մինչեւ 9 տարի ազատազրկում։

Ըստ ամենայնի, այս նախագիծը կընդունեն արտահերթ ռեժիմով ու թերեւս նպատակ ունեն ահաբեկել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համակիրներին։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օր-օրի կոշտանում, այլեւ գործնական քայլեր են դրանց հետեւում։

Մեզ պատմեցին, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի, արդեն քանի օր է՝ արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։

Խոսակցական լեզվով ասած՝ խոպանչիներն արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս, ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկել։

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում Փաշինյան-Մակրոն այցի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել, ինչն ապշեցրել է նաեւ Ֆրանսիայի նախագահին եւ նրա պատվիրակությանը, քանի որ ի ցույց է դրել Հայաստանում հաստատված «ժողովրդավարական» բարքերը։

Գյումրի այցի ընթացքում նախատեսված է եղել շրջայց կատարել քաղաքի թիվ 10 դպրոց, որը ֆրանսիական թեքումով է եւ կառուցվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ ֆրանսիական իշխանության ջանքերով։ Բայց այցը չի կայացել:

Մակրոնի աշխատակազմից դպրոցի տնօրենին առաջարկել են՝ իրենց ողջույնի խոսքն ու կազմակերպված միջոցառումը տեղափոխել Վարդանանց հրապարակ, որտեղ երեկոյան համերգ էր տեղի ունենալու։

Պատվավոր հյուրից հրավեր ստանալով՝ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն ուղեւորվել են Վարդանանց հրապարակ ու փորձել են շարժվել ետնաբեմում, որ Մակրոնի այցի առիթով պատրաստած միջոցառումը բեմահարթակից ներկայացնեն։ Սակայն այստեղ էլ հանդիպել են Փաշինյանի թիկնազորի դիմադրությանը և ի վերջո բավարարվել միայն Մակրոնի հետ լուսանկարվելով։

«Իրավունք» թերթը գրում է. «Արարատի մարզի մեր աղբյուրները նշում են, որ մարզում ՔՊ-ի համար, ինչպես դիպուկ նկարագրեց աղբյուրը., «ձայներ մուրալու» գործին լծվել մարզի նախկին իշխանավորները, ովքեր ժամանակին ջանք չէին խնայում նախկին իշխանություններին հաճոյանալու։ Այսօր նույն մարդիկ ոչ միայն ձայներ են մուրում, այլ от и до շտաբների ֆիննանսավորումներն են ապահովում»։

«Իրավունք» թերթը գրում է. «Վայոց ձորում կարկառուն նախկին Աշոտ Արսենյանի մարզպետ որդին՝ Արսենյանը, ՔՊ-ականների շրջանում տարածված լուրերի համաձայն, անձամբ Փաշինյանին խոստացել է, որ հունիսի 7-ին մարզում ՔՊ-ն բացարձակ հաղթանակ է տանելու.

«Վարիանտ չկա, մարզում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու»,- ասում են՝ ի պատասխան Փաշինյանի մտահոգություններին ասել է մարզպետը։