Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 16:24 13-05-2026

Մեր փաստերից շատերը տեղ չեն գտել. ԵԽԽՎ հայտարարությունը միակողմանի է․ Լիլիթ Գալստյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության վերաբերյալ հանրային ակնկալիքների շուրջ Oragir.News-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունն առհասարակ դրական է վերաբերվում միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությանը, քանի որ, իր համոզմամբ, քաղաքական ուժերը պետք է շահագրգռված լինեն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման հարցում։

«Միջազգային դիտորդական առաքելությունները միշտ էլ եղել են՝ թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, թե՛ ԵԽԽՎ-ի, թե՛ ԱՊՀ մակարդակով։ Սա նորություն չէ, և մենք դրական ենք վերաբերվում բոլոր դիտորդական առաքելություններին, որովհետև շահագրգռված ենք, որ ընտրությունները լինեն ազատ, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, և ժողովրդի ձայնը տեղ հասնի»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ նախօրեին խորհրդարանում հանդիպել են ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց մտահոգությունները՝ կապված ներքաղաքական իրավիճակի և ընտրական գործընթացների հետ։

«Մենք փոխանցել ենք մեր բոլոր մտահոգությունները՝ քաղաքական բանտարկյալների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, վարչական ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող, մեր գնահատմամբ, հակաօրինական գործընթացների վերաբերյալ»,- նշեց Գալստյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ պատվիրակների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև, իրենց գնահատմամբ, Հայաստանում խորացող ավտորիտար միտումներին, քաղաքական հետապնդումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ընդդիմախոսների նկատմամբ հնչող սպառնալիքներին, ատելության խոսքին, երկրում տիրող վախի մթնոլորտին, եկեղեցու և պետության հարաբերություններում պետության միջամտությանը, դատաիրավական համակարգի անկախության խնդրին, ինչպես նաև Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններին։

«Մենք բարձրաձայնել ենք նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումների հարցը՝ ընդհուպ մինչև եկեղեցու ներքին գործընթացներին միջամտելու փորձերը։ Մեր մտահոգություններից մեկն էլ այն էր, որ իշխանության ծրագրերում տեղ են գտնում եկեղեցու բարեփոխումների և Վեհափառի հրաժարականի պահանջի մասին ձևակերպումներ, ինչը, մեր գնահատմամբ, հակասահմանադրական է»,- ասաց նա։

Գալստյանը նաև քննադատեց ԵԽԽՎ պատվիրակության նախնական հայտարարությունը՝ այն որակելով ոչ ամբողջական և միակողմանի։ «Ես հենց հիմա կարդում էի իրենց հայտարարությունը և տեսնում եմ բազմաթիվ միակողմանի ձևակերպումներ։ Մասնավորապես, նշվում է Հայ առաքելական եկեղեցու՝ քաղաքական գործընթացներում աննախադեպ ներգրավվածության մասին, ինչը, կարծում եմ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- նշեց պատգամավորը։

Նրա կարծիքով՝ հայտարարությունում տեղ չեն գտել ընդդիմության ներկայացրած մի շարք առանցքային մտահոգություններ։

«Մեր ներկայացրած փաստերից և մտահոգություններից շատերը տեղ չեն գտել հայտարարության մեջ։ Օրինակ՝ արտաքին դերակատարների կողմից քաղաքական համակրանքների դրսևորումների վերաբերյալ մտահոգությունները կամ ներքաղաքական մթնոլորտի ամբողջական գնահատականը։ Այդ պատճառով ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ այս նախնական հայտարարությունը լիարժեք չի արտացոլում առկա իրավիճակը»,- եզրափակեց Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը՝ պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ, մայիսի 12-ին հյուրընկալվել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԵԽԽՎ անդամներ Իտալիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Շվեդիայից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ Ընտրությունների բաժնից։

Պատվիրակության կազմում էր նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը, իսկ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ևս հյուրընկալվել էր ԿԸՀ-ում։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 12-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ։

Հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գևորգյանը, Արթուր Խաչատրյանը և Արմեն Ռուստամյանը։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան