Ապարանի ամենամեծ գյուղն է, տարածաշրջանի 10 գյուղ 20 կմ գնում է Ապարան՝ բանկով գործարք անելու, մեկ բանկի մասնաճյուղ և բանկոմատ է պետք:
Այս մասին Ապարանի տարածաշրջանում ՔՊ-ի կուսակցության քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց քաղաքացին՝ բողոքելով, որ բանկի մասնաճյուղ չկա, ու գործարք անելու համար ստիպված այլ տեղ են գնում:
«Ժողովուրդ, իրականում դրա համար պետք է հեռախոս և հավելված: Մենք հիմա թվայնացման վրա մեծ ջանք ենք ծախսում, որ հեռուստացույցի մոտ նստես, լույսդ վճարես, գազդ վճարես, հեռախոսդ վճարես, աշխատավարձդ ստանաս, բարեկամիդ փող փոխանցես, ցանկացած գործարք: Ես իմ հավելվածն եմ նայում, ինչ ասես՝ կա այս հավելվածի մեջ»,-նշեց Փաշինյանը:
Քաղաքացին առաջարկեց այդ դեպքում hանրապետության բոլոր բանկերը փակել, Փաշինյանն էլ հավաստիացրեց, որ դրանք փակվում են, մասնաճյուղերը գնալով քչանում են:
«Դա մոտավորապես գիտե՞ք ինչ է, որ ասեք՝ այն թելով հեռախոսներից ենք ուզում, ասենք՝ ինչի՞ համար, ցավներդ տանեմ, զանգեք, բջջային հեռախոս կա: Ես էլ շուտ չեմ սովորել, շատ դժվար եմ սովորել այս հավելվածին, բայց հիմա երեխեքի բուֆետի, դպրոցի փողը սրանով եմ տալիս»,-պարզաբանեց Փաշինյանը:
«Բանկային համակարգը մասնավոր համակարգ է, որ մի բան բերում, դնում է, պետք է դրա ծախսը հանի: Հիմա թոշակառուն նույնիսկ իր թոշակը չի կանխիկացնում, ինչո՞ւ չի կանխիկացնում, որովհետև գիտի՝ անկանխիկ առևտուր, որ անի, 10,000-12,000 դրամ հետ է գալու: Ավելի լավ է՝ թվային այս հավելվածը ներկայացնող կուրս կազմակերպենք գյուղում, որ մարդը հասկանա՝ ո՛չ բանկի կարիք կա, ո՛չ բանկոմատի: Կարող ենք ասել՝ բերեք դրեք, բայց երեք ամիս հետո հանելու է, ինչո՞ւ, որովհետև ասելու է՝ բանկոմատն ինձ վրա «նստում է» մեկ միլիոն դրամ, ես այստեղի գործարքներից ստանում եմ 500,000 դրամ, ո՞վ է տալու մնացած 500,000 դրամը: Սա է ամբողջ խնդիրը»,- բացատրեց Նիկոլ Փաշինյանը: