Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 20:30 08-05-2026

Քարոզարշավը սկսվեց, կառավարական ինքնաթիռը թռել է, պաշտոնանկությունները շարունակվում են. Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք՝ փորձելով ստանալ շուրջ 2.5 միլիոն ընտրողների ձայները: Քարոզարշավը կտևի մեկ ամիս՝ վերջին օրը հունիսի 5-ն է: Նիկոլ Փաշինյանը և մի շարք պաշտոնյաներ քարոզարշավին մասնակցելու նպատակով այսօրվանից արձակուրդում են: ԱԺ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առանցքային ուժերից «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավի դուրս գալ: Նա տնային կալանքի տակ է, իսկ նրա ուժը քարոզարշավը սկսեց Ազգային ժողովի դիմացից։ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանն այսօր պնդեց՝ ընտրութունների քարոզարշավը մեկնարկեց անհավասար պայմաններում:
«Պատմական շրջան է ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին չի մասնակցում: Հիմնական հարցն ի՞նչն է, որ արդարություն խոսք տված իշխանությունն իր ընդդիմադիրին կալանավորել է քաղաքական հոդվածով», - ասաց Նարեկ Կարապետյանը, ապա հավելեց. «Հանրային ելույթները հիմնականում տնային կալանքից են լինելու, ցավոք: Մենք այս վիճակում ենք, որովհետև երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը»։ Ժամը 18:30-ին Վաղարշապատի անմար կրակի մոտից իր քարոզարշավը կսկսի նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը, որի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավը սկսեց Սյունիքից, որտեղ այսօր ու վաղը կհանդիպեն ընտրողներին։ Իշխանականները Երևանից դատարկաձեռն չէին գնացել. Քարտեզ ու բուկլետ՝ մեծերին էին բաժանել, երեխաներին՝ թխվածքաբլիթ։ ՔՊ գլխավոր քարոզիչը Նիկոլ Փաշինյանն է։ Նա Հայաստանի քարտեզ է բաժանել, զրուցել մարդկանց հետ և դիմել հավաքվածներին. «Մեր պատմության մեջ, ցավոք, հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել։ Վերջնարդյունքում դժվար է եղել ձևակերպել՝ լավ, մենք ի՞նչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ՝ ինչ ստացանք։ Մենք ստացանք՝ ապագա։ Ապագա, որը ոչ թե յոթ սարի հետևում է, այլ ապագան այստեղ է, հիմա է։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք և ամենակարևորը՝ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող ՔՊ-ի հիմնական կոչն այս ընտրություններում խաղաղությանը տեր կանգնելն է։ Սահմանին կրակոցներ ու զոհեր չկան, խաղաղությունը, ըստ իշխանականների, հաստատվել է։
Անգեղակոթում Փաշինյանը Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհի բացման թեման արծարծեց։ Տղամարդկանցից մեկը մատնացույց արեց գյուղի պանթեոնը։
«Իսկ ի՞նչ եք մտածում, այստեղով ճանապարհ կա, չէ՞, դեպի Նախիջևան... Էդ ճանապարհի բացման մասին ի՞նչ կարծիքի եք։ Թող ճամփան բաց լինի, կամաց-կամաց... Մեր պանթեոնների առաջ ծնկի ենք գալիս, բայց ճանապարհը թող բաց լինի։ Կյանքը ցույց կտա»,- ասել է Փաշինյանը Անգեղակոթի բնակիչներին։

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։ Լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Արարատի մարզի դատախազի պաշտոնանկության մասին երեկ գրել էին լրատվամիջոցները։ «Պողոսյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն»,– հայտնեցին դատախազությունից։ Նշենք, որ վերջին 2 օրվա ընթացքում սա արդեն 5-րդ պաշտոնանկությունն է։ Երեկ հայտնի էր դարձել, որ պաշտոններից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոններից ազատվել են նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։ Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորվել են 2 ամսով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ձեզ գուցե հետաքրքրի