Ներքին 5 ամիս առաջ - 19:16 03-05-2026

Կատարվեց քահանայական ձեռնադրություն

Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը վերակոչվեց Տեր Անանիա քահանա, Կարո սարկավագ Ղարիբյանը՝ Տեր Մկրտիչ քահանա, Հարություն սարկավագ Զաքարյանը՝ Տեր Վահան քահանա, Գևորգ սարկավագ Կարապետյանը՝ Տեր Թովմաս քահանա, Գրիշա սարկավագ Հարությունյանը՝ Տեր Աբրահամ քահանա, Արամայիս սարկավագ Ազիզյանը՝ Տեր Ներսեհ քահանա և Արսեն սարկավագ Ավագյանը՝ Տեր Մուշեղ քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է Հայ Եկեղեցու համար։ Տոնն է Սուրբ Խաչի երևման, և նույն օրը Եկեղեցու ընտանիքը համալրվեց յոթ նոր քահանաներով։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նաթան Սրբազանը ընդգծեց, որ խաչը մահվան ու տառապանքի գործիքից Քրիստոսով դարձավ կենաց ծառ, տառապանքից՝ փրկություն և պահապան Աստծուն հավատարմորեն երկրպագողներին։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Սիրելի՛ քահանա հայրեր, այսօր ուխտով և աղոթքով ծնվեցիք որպես նոր մարդ, ծնվեցիք նոր անուններով և նոր կյանքի համար։ Այսուհետև ձեր կյանքը մշտապես պիտի լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսինը։

Տիրոջ օրինակով մարդկանց բերեք ուրախություն և արդարություն՝ երբեմն նաև անցնելով չարչարանքի ու տառապանքի միջով։ Քահանայի կոչումը զոհաբերություն է հանուն իր հոտի փրկության։

․․․Մենք՝ հոգևորականներս, իբրև զինվորյալներ, պիտի կանգնենք Հայոց Եկեղեցու պաշտպանության առաջին շարքերում՝ խոսքով, գործով, աղոթքով, նվիրումով և, ինչու չէ, նաև սեփական անձի զոհաբերությամբ։ Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից»։

Սրբազան Հայրը վերջում աղոթք բարձրացրեց առ Աստված՝ նորաօծ քահանա հայրերին մաղթելով ուժ, կարողություն և անսասան հավատարմություն իրենց ուխտին։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները