Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:24 01-05-2026

Վաճառողներն ամեն օր գումար են կորցնում․ ինչու են Wildberries-ն ու Ozon-ը ՀՀ-ից վաճառքներն արգելել

Անի Կեսոյան

Լրագրող

Wildberries-ի և Ozon-ի միջոցով բիզնես կառուցող տասնյակ վաճառողների համար իրավիճակը կտրուկ փոխվում է։ Ռուսական երկու խոշոր հարթակները անժամկետ դադարեցնում են Հայաստանից վաճառքները՝ թողնելով փոքր ու միջին ձեռնարկություններին անորոշության մեջ և ստիպելով շտապ վերանայել իրենց բիզնես մոդելները։

Oragir.News-ը կապ հաստատեց Wildberries-ով և Ozon-ով վաճառք իրականացնողների հետ։

«Արդեն ավելի քան 2 շաբաթ է՝ Հայաստանից դուրս եկող բեռները չեն հասնում Ռուսաստան։ Մեզ ասում էին՝ Լարսում խնդիրներ կան, խցանումներ են, բայց իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է»,- նշեց նրանցից մեկը։

«Ապրանքները ուշանում են, հետ են գալիս, ամբողջ լոգիստիկ ծախսը մնում է մեզ վրա։ Բացի դրանից՝ ընկնում են խանութների ցուցանիշները, վարկանիշը, բարձրանում են տոկոսները։ Մարդիկ ամեն օր մեծ գումարներ են կորցնում»,- պատմեց մեկ զրուցակիցը։

Իրավիճակը ավելի է բարդացել այն բանից հետո, երբ, ըստ վաճառողների, ապրանքները նույնիսկ դադարել են երևալ Wildberries-ի և Ozon-ի բազաներում։

«Փաստացի հիմա Ռուսաստանում մեր ապրանքները չեն երևում։ Ոչ մի պաշտոնական նամակ չենք ստացել, ոչ մի ծանուցում չկա, որ վաճառքները դադարեցվում են կամ սահմանափակվում։ Սա արդեն նաև վաճառողների իրավունքների խախտում է»,- նշեց վաճառողը։

Երեկ տեղի է ունեցել փակ հանդիպում Wildberries-ի Հայաստանի ներկայացուցիչների և վաճառողների միջև, որին մասնակցել են տասնյակ ձեռնարկատերեր։ Սակայն, ինչպես նշում են մասնակիցները, հանդիպումը հստակ պատասխաններ չի տվել։

«Ներկայացուցիչները չէին կարողանում կոնկրետ պատասխանել։ Ասում են՝ Ռուսաստանում նոր պահանջներ են լինելու, ինչ-որ դեկլարացիա, QR կոդեր, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ փաստաթղթեր են պետք, որտեղից պետք է ձեռք բերել, ինչ ընթացակարգ է։ Բոլորը սպասման մեջ են»,- նշեց հանդիպման մասնակիցներից մեկը։

Վաճառողները նշում են, որ խոսքը վերաբերում է ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան մուտք գործող ապրանքների համար նոր կարգավորումներին, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, կարող են ուժի մեջ մտնել հունիսի 1-ից։ Սակայն անհասկանալի է, թե ինչու են սահմանափակումները կիրառվում ապրիլից։

«Մենք դեռ ապրիլ-մայիս ամիսներին ենք, բայց արդեն կանգնած ենք փաստի առաջ։ Ո՛չ այս կողմը, ո՛չ մյուս կողմը հստակ լուծում չի տալիս։ Մարդիկ խուճապի մեջ են, քանի որ մեծ ներդրումներ են արել, հաճախ՝ վարկերի հաշվին»,- նշում են վաճառողները։

Wildberries ընկերությունն Oragir.News-ին է տրամադրել պաշտոնական պարզաբանում՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կապված է Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման նոր ընթացակարգերի հետ։

Ավելի վաղ տարածված հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 20-ից Ռուսաստանում փոփոխվել են մաքսային կանոնները, ինչի արդյունքում որոշ ապրանքների համար կիրառվում են լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ և պահանջվում են նոր փաստաթղթեր։

«Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ։ Կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, քննարկվել են առաջացած խնդիրները և շարունակվում են հնարավոր լուծումների մշակման աշխատանքները»,- նշեցին ընկերությունից։

Միաժամանակ ընկերությունը վստահեցնում է, որ Ռուսաստանի տարածքում արդեն պահեստավորված ապրանքները շարունակում են վաճառվել սովորական ռեժիմով, իսկ հայ վաճառողները կարող են գործունեություն ծավալել Հայաստանի ներքին շուկայում։

Չնայած այս պարզաբանումներին՝ վաճառողները շարունակում են պնդել, որ գործնականում իրավիճակը մնում է անորոշ, իսկ պաշտոնական հստակ ուղեցույցների բացակայությունը խորացնում է ճգնաժամը։

«Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն։ Ասում են՝ սպասեք։ Բայց ինչքա՞ն կարելի է սպասել, երբ ամեն օր կորուստներ ենք կրում»,- ասում են նրանք։

Հարցին՝ արդյոք փակ հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է պետական աջակցության հնարավորությունը, մեր զրուցակիցը կարճ պատասխանեց. «Բացարձակապես՝ ոչ»։

Ստեղծված իրավիճակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանից Ռուսաստան իրականացվող էլեկտրոնային առևտրի վրա՝ հատկապես այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք վերջին տարիներին իրենց հիմնական վաճառքները կազմակերպում էին հենց այս հարթակների միջոցով։

Հատկանշական է, որ Wildberries-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ոլորտի տնտեսական նշանակությունն ու հնարավոր ռիսկերի մասշտաբը։

Անի Կեսոյան Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին