Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 30-04-2026

Փաշինյանը վախեցե՞լ էր, ընդդիմությունը կհաղթի՞, մամուլի ազատությունը հետընթաց է գրանցել․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 30-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը պատմական է համարում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի փոխայցերը երկու երկրներ: Նման համոզմունք կառավարության ղեկավարն այսօր է ասել՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին, թե ինչի՞ց էին վախենում, որ Մուսթաֆաևի այցը մինչև վերջին պահը հանրությունից գաղտնի էին պահվում, և արդյոք ԿԳՄՍՆ֊ի կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական շուրջպարն նպատակը, որն ի դեպ 7 շրջան ուներ, Ադրբեջանի փոխվարչապետին ավելի ջերմ ընդունելության արժանացնելն էր։ «Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, և ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- ճեպազրույցի ընթացքում նշեց Փաշինյանը, ապա հավելեց․ «Կարծում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա և պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ»։ Հարցին, թե շրջանառվում էին տեղեկություններ, թե Մուստաֆաևի հետ քննարկվել է նաև ադրբեջանցիների վերադարձի շուրջ հարցը, արդյոք դա համապատասխանում է իրականությանը, վարչապետը պատասխանեց. «Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի, Բաքվի հայերի վերադարձի հարց, որովհետև երկու ուղղությամբ քննարկումներն ունեն պրովակատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին կարող են թեժացնել: Երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը: Դա էժան ներքաղաքական շահարկում է»,- ասաց Փաշինյանը:

Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ապա հավաքական ընդդիմությունը դրանցում կկարողանա հաղթել և կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այս մասին վկայում են «GALLUP»-ի անցկացրած հարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ ՔՊ-ին իր ձայնը կտա հարցվածների 26.7%-ը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ 14.1%-ը, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին՝ 8.2%-ը, ԲՀԿ-ին՝ 7,5%-ը, Արման Թաթյանի «Միասնության թևեր» կուսակցությանը 4․2%։ Հաջորդ ուժը Վարդան Ղուկասյան «Դեմոկրատիա, օրենք կարգապահություն» կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3.1%-ը: «Լուսավոր Հայաստանին» իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 2.7%-ը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը՝ 2.3%-ը, «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը՝ 1.9%-ը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1.7%-ը, իսկ Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությանը՝ 1.1%-ը: Մյուս ուժերն այս հարցման արդյունքներով 1-ից ցածր միավորներ են ստացել: Որքանո՞վ եք վստահ Ձեր ընտրության մեջ, այս հարցմանն ի պատասխան՝ 62.7%-ը պատասխանել է, որ լիովին վստահ է եւ կարծիքը չի փոխվի, 10.9%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ է: 5.9%-ն ավելի շուտ վստահ չէ, 10.8%-ը ընդհանրապես վստահ չէ, եւ հնարավոր է կարծիքը փոխվի:

Կառավարությունը ավելի քան 392 մլն դրամ՝ մոտ 1 մլն դոլար կհատկացնի պետական բյուջեից՝ Գյումրիում հայ– ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգ կազմակերպելու համար։ Հարցն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Նշենք, որ համերգին ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5–ը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն: «Տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով»,– ասված է կառավարության հաղորդագրությունում։ Ըստ արարողակարգի` Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետև Փաշինյանի ուղեկցությամբ Մակրոնը կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։ Մակրոնը կհանդիպի նաև Վահագն Խաչատուրյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում