Եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են հայտնի նկատառումներով, այդ թվում՝ անվտանգության, կարծում եմ, երբ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են Ադրբեջանում, իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չէ:
Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով
Oragir.News-ի այն հարցին, թե ինչու էր Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի այցը մինչև վերջին պահը գաղտնի պահվում, ինչի՞ց էին վախենում, և արդյո՞ք երեկ Հանրապետության հրապարակում մեծ շուրջպարով ուզում էին ավելի լավ ընդունելության արժանացնել Մուստաֆաևին:
«Ադրբեջանի պարագայում չի եղել արտահոսք, Հայաստանի պարագայում եղել է, որովհետև կազմակերպվում են միջոցառումներ, այդ թվում՝ մամուլի հաղորդագրությունները թողարկելու ժամերի պայմանավորվածություններ են ձեռք բերվում և ձեր արտահայտությունը, թե գաղտնի են պահվում հանրությունից, տեղին չէ:
Կարծում եմ՝ դա շատ կարևոր ու պատմական իրադաձություն էր՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ:
Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ուզում էիք կյանքը կա՞նգ առներ:
«Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ցանկացած օր կարելի է էդպիսի հարց տալ՝ այս օրը այս միջոցառում էր, ռեստորաններում ակտիվ էր, հարսանիք էր: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն ու հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ: Ձեր մնացած ասածները համարում եմ թեմայից շեղելու փորձեր:
Ձեր պատկերացմամբ՝ պետք է կյանքը կանգնե՞ր, որ մեկնաբանության տեղ չլիներ: Կարծում եմ՝ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է հնարավորինս լավ ընդունենք», - ասաց Փաշինյանը:
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան