«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրով նախատեսված այն դրույթի իրականացումը, որով խոստացվել էր քայլեր ձեռնարկել «Made in Armenia» բրենդի կայացման, միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ինչ կոնկրետ միջոցառումներ են իրականացվել, արդյոք մշակվել է պաշտոնական հայեցակարգ, ռազմավարություն, տարբերանշան կամ բրենդբուք, որքան ֆինանսավորում է հատկացվել, ինչ պայմանագրեր են կնքվել և ինչ չափելի արդյունքներ են արձանագրվել։
Նախարարության պատասխանից, սակայն, պարզվում է, որ կառավարության ծրագրով ամրագրված «Made in Armenia» բրենդի կայացման ուղղությամբ համակարգային և հստակ ֆինանսավորված ծրագիր փաստացի չի իրականացվել։ Այսինքն՝ նախարարությունը փաստացի արձանագրում է, որ «Made in Armenia» բրենդի կայացման համար նախատեսված միջոցառումը չեղարկվել է, պայմանագիր չի կնքվել, պետական բյուջեից ծրագրային վճարում չի կատարվել։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի նախագծերը։ Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև Հայաստանի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։ Գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը նախարարությանը ցույց է տվել, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։
Հաշվի առնելով դա՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։ Սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։ Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։
«Հրապարակ» թերթը գրում է ․ Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները:
Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:
Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով։
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։
Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:
Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։
Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։
«Հրապարակ» թերթը գրում է ․ Ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցից երեկ անակնկալի էին եկել նաեւ ՔՊ-ական պատգամավորները։
Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել եւս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երեւան:
Ավելի ուշ քաղաքական կուլիսներում խոսում էին, որ այցը ոչ թե սահմանազատման հարցերին է վերաբերում, այլ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստանում բնակեցնելուն։
Սա ավելի շատ ստուգողական այց է, փորձում են հայ ժողովրդի ռեակցիան ստուգել, այլ կերպ ասած՝ ադապտացնել հետագայում ադրբեջանցիների հետ համակեցության մտքին: