Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:49 27-04-2026

Գուցե ներքին թուրքերն են արել․ ինչո՞ւ են հայկական մի շարք ալիքներ ջնջվել YouTube-ից

Մերի Հակոբյան

Լրագրող

Օրերս հայտնի դարձավ, որ YouTube-ի հայկական տիրույթից ջնջվել են մի շարք ալիքներ։ Դրանց թվում են Անի Առաքելյանի «ԶԻՆՔ»-ը, Նարեկ Մալյանի «Կամեր 23»-ը, ինչպես նաև ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության լրատվական ալիքը՝ «Դետք»-ը։

«Դետք»-ի գլխավոր համակարգող Անգին Խաչատրյանն Oragir.News-ին հայտնեց, որ իրենց թիմն ալիքի ջնջման մասին իմացել է միայն առավոտյան։

«Եղել է գիշերը՝ ժամը 4-ի կողմերը, երբ չեն աշխատել ո՛չ լրագրողները, ո՛չ մասնագետները, ու չենք իմացել ընդհանրապես ջնջվելու մասին։ Մենք առավոտյան ենք տեղեկացել, ու հիմա մեր մասնագետը՝ YouTube-ի զարգացման մասնագետը, աշխատում է հարցի ուղղությամբ»,- ասաց նա։

Խաչատրյանը նկատում է, որ հիմնականում ազգային ուղղվածության ալիքներն են ջնջվել։

«Երեկ արդեն տեղեկացանք, որ խնդիրը մենակ մեզ մոտ չի։ Մոտավորապես 10-12 ալիք կա, ցուցակը ճշտվում է, որոնք նույնպես ջնջվել են։ Բայց քանի որ հայկականությամբ կամ ազգային հենքով ալիքներ են ջնջվել, օրինակ՝ «ԶԻՆՔ»-ը, որը բավական հայտնի ալիք է, հետո նաև մեր ալիքը՝ «Դետք»-ը, հարցը մեծ արձագանք ստացավ»,- նշեց նա։

Նա չի բացառում նաև, որ ալիքները դիտավորյալ են թիրախավորվել։

«Հնարավոր է, որ ներքին թուրքերն են արել, չեմ զլանա այդ անունը ասել։ Կան մարդիկ, որոնց հաճելի չէ լսել ազգային ինքնության, հերոսների, արժեքների պահպանման մասին նյութեր»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, թե կազմել են ռուսաստանյան ազդեցության գործիք հանդիսացող օգտահաշիվների ցանկ և փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Խաչատրյանը նախ նշեց, որ «Դետք»-ը երբեք ռուսական քարոզչությամբ չի զբաղվել, այնուհետև ընդգծեց՝ եթե Իոաննիսյանի կապը հաստատվի, ապա իրենք կպայքարեն իրավական ճանապարհով։

«Եթե նման բան պարզվի՝ մենք անձամբ մեդիաների հետ համագործակցելու ենք, բողոքարկելու ենք, բարձրացնելու ենք խնդիրը և ներկայացնելու ենք հատ-հատ անունները, որոնք մեղավոր են։ Եթե ոչ՝ լուծելու ենք նաև դատական կարգով, որովհետև փաստացի մեր սեփականությունը, մեր տարիների աշխատանքը ջնջված է ու անհիմն»,- նշեց նա։ Oragir.News-ը կապ հաստատեց նաև Դանիել Իոաննիսյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք ջնջված ալիքները եղե՞լ են իրենց կազմած ցանկում, թե՞ ոչ։

Վերջինս նշեց, որ իրենց կողմից ներկայացված ցանկը վերաբերում էր բացառապես այն հարթակներին, որոնք, իրենց գնահատմամբ, հանդիսանում են Ռուսաստանի ազդեցության գործիք։

«Մենք ցանկում ներառել ենք բացառապես Ռուսաստանի միջամտության գործիքակազմի մեջ մտնող այն աղբյուրները, որոնք մեր համար հստակ նույնականացված են որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ միջամտության գործիք»,- ասաց նա։

Անդրադառնալով կոնկրետ ջնջված ալիքներին՝ Իոաննիսյանն ասաց, որ դրանցից մի մասի անուններն անգամ իրեն ծանոթ չեն։

«Ձեր ասած անվանումները ինձ այնքան էլ ծանոթ չեն։ ՈՄԱ-ի մասով, օրինակ, չեմ կարծում, որ մենք որևէ խնդիր ունենք։ Հակառակը՝ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ներկայացուցիչների պնդումների դիմաց պաշտպանել ենք ՈՄԱ-ին»,- նշեց նա։ Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ցանկը կազմել՝ Իոնիսյանը չպատասխանեց:

Նա նաև նշեց, որ YouTube-ում տարբեր ալիքներ պարբերաբար փակվում են, և այդ ամենը չի կարելի կապել իրենց նախաձեռնության հետ։ Իոաննիսյանը հրաժարվեց հրապարակել ներկայացված ցանկը՝ նշելով, որ այն գործընկերներին ուղարկված նամակագրության մաս է կազմել։

«Մենք այդ ցանկը պատրաստել ենք հենց այդ նպատակի համար և ուղարկել ենք ամերիկյան գործընկերոջը։ Այդ նամակագրությունը առիթ չենք համարում հրապարակել»,- եզրափակեց նա։ Իոաննիսյանը հավելում է, որ իրենց կազմած ցանկում ավելի քան 100 ալիք է ընդգրկվել, որոնք, նրա խոսքով, հիմնականում կեղծ են եղել։

Այսպիսով, հանրությանը դեռևս անհայտ է մնում, թե խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ինչո՞ւ են հենց ազգային ուղղվածություն ունեցող ալիքները ջնջվել, հատկապես այն դեպքում, երբ դրանք ռուսական քարոզչությամբ չեն զբաղվել։ Մեծ լսարան ունեցող այս ալիքների ջնջումը էլ ավելի մտահոգիչ է դառնում իշխանությունների կողմից պարբերաբար հանրությանը ներկայացվող այն հավաստիացումների ֆոնին, թե Հայաստանում կա խոսքի ազատություն, և յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է արտահայտել իր տեսակետները։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան