Բյուրեղավանում արձանագրվել են նույնատիպ ախտանշաններով զանգվածային գանգատներ, որոնք, նախնական տվյալներով, կարող են պայմանավորված լինել ջրի հնարավոր աղտոտմամբ։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին մանրամասներ է ներկայացրել Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարտունյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին պոլիկլինիկան և շտապօգնության ծառայությունները գրանցել են նույնատիպ գանգատներով բազմաթիվ դեպքեր։
«Մենք բազմաթիվ նույն գանգատներով հիվանդներ ունենք՝ սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն։ Դիմումները սկսվել են հունվարի 3-ից՝ շտապօգնության բազմաթիվ կանչերով»,- նշեց Վարտունյանը։
Նա ընդգծեց, որ պոլիկլինիկա դիմած բոլոր դեպքերը չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ զգալի թվով քաղաքացիներ չեն դիմել բուժօգնության։
«Չեմ կարող հստակ թիվ նշել։ Շատ մարդիկ պարզապես չեն դիմում բժշկական հաստատություններ, բայց հաշվի առնելով, որ Բյուրեղավանը փոքր քաղաք է, կարելի է ասել, որ բավական մեծ թվով բնակիչներ ունեն նմանատիպ գանգատներ»,- ասաց նա։
Վարտունյանի խոսքով՝ պոլիկլինիկա դիմած բուժառուների մի մասը, ըստ ծանրության աստիճանի, տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Հարցին՝ արդյոք իրավիճակը կարող է վտանգ ներկայացնել բնակչության համար, պոլիկլինիկայի տնօրենը պատասխանեց, որ համատարած բնույթն արդեն իսկ մտահոգիչ է։
Նրա փոխանցմամբ՝ իրավիճակի վերաբերյալ արդեն իսկ տեղեկացվել են համապատասխան պետական կառույցները, և իրականացվել են անհրաժեշտ քայլեր՝ հնարավոր պատճառները պարզելու ուղղությամբ։
«Երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Տեղում աշխատում են բոլոր այն կառույցները, որոնք ունեն համապատասխան գործառույթներ։ Արդեն իրականացվել են նմուշառումներ՝ թե՛ ջրից, թե՛ կոյուղուց»,- ասաց Վարտունյանը։
Նա հավելեց, որ դեռ սպասում են լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, որոնք կտան վերջնական պատասխանը պատճառների վերաբերյալ։
«Այս պահին չենք կարող հստակ ասել պատճառը։ Ջրի գործոնը դիտարկվում է որպես նախնական կասկած, սակայն վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ միայն փորձաքննությունների արդյունքներից հետո»,- նշեց նա՝ ընդգծելով, որ չի ցանկանում պատասխանատու հայտարարություն անել՝ առանց հիմնավոր տվյալների։
Վարտունյանի խոսքով՝ դեպքերը հիմնականում արձանագրվում են Բյուրեղավանում, սակայն կան նաև առանձին քաղաքացիներ, որոնք բնակվում են այլ վայրերում, սակայն եղել են քաղաքում։
Միաժամանակ, պոլիկլինիկան աշխատում է ուժեղացված ռեժիմով՝ պատրաստ ընդունելու բոլոր դիմողներին։
«Պոլիկլինիկան այս պահին աշխատում է անսահմանափակ ռեժիմով, մենք տեղում ենք և պատրաստ ենք ընդունել բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն գանգատներ»,- ընդգծեց տնօրենը։
Նա նաև չբացառեց, որ առաջիկա օրերին կարող են ի հայտ գալ նոր դեպքեր, քանի որ վերջնականապես պարզ չեն տեղի ունեցածի պատճառները։
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան