Ներքին 3 ամիս առաջ - 10:20 21-04-2026

Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

(ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ)

«Հարգելի տիկին Մանասյան,

Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։

Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։

Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։

Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։

ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։

Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։

Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև։

Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։

Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.
1․Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։

2․Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։

3․Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը