Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:14 18-04-2026

470-1370 եվրո և 23 հազար տուրք. Փաշինյանի բարձրացրած թոշակով տարեցները քանի տարուց Կիպրոսում կհանգստանան

Օրերս Նիկոլ Փաշինյան Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել էր Գյումրի–Լառնակա ավիատոմսերի գներին՝ ներկայացնելով, որ հնարավոր է նույնիսկ 2 եվրոյով տոմս ձեռք բերել։

«Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա։ Այսինքն՝ 900 դրամով Գյումրի–Լառնակա ավիատոմս կա», – նշել էր վարչապետը։

Այս պնդումը մասամբ համապատասխանում է իրականությանը․ ապրիլի 15-ի դրությամբ, օրինակ, ապրիլի 19-ի թռիչքի համար Wizz Air ավիաընկերության կայքում իսկապես հնարավոր էր գտնել տոմսեր՝ սկսած 2.19 եվրոյից։ Սակայն նման գները, ինչպես սովորաբար լինում է, արագ փոփոխվում են, և այս դեպքում էլ կարճ ժամանակ անց արդեն բազմապատիկ բարձրացել էին։ Միևնույն ժամանակ, վարչապետի մեկ այլ դիտարկում արդեն վիճահարույց է։

Նա նշել էր, թե թոշակների բարձրացումից հետո թոշակառուն կարող է ձեռք բերել մինչև հինգ «տուդա-աբռատնը» տոմս։ Սակայն այս հաշվարկը չի ներառում ճանապարհորդության ամբողջական ծախսերը, որոնք միայն ավիատոմսով չեն սահմանափակվում։

Oragir.News-ը փորձել է պարզել, թե որքան կարող է արժենալ Լառնակա մեկնելը մայիսի 25–31 ժամանակահատվածում։

«Positive Day tour» տուրիստական ընկերության տվյալներով՝ տարբեր հյուրանոցների և փաթեթների արժեքները տատանվում են 460-ից մինչև 1370 եվրոյի սահմաններում։ Ներկայացված տարբերակներն են՝ Marina Hotel (3*) – 460 եվրո Gaia Sun N Blue Boutique Hotel (4*) – 600 եվրո Corfu Hotel (4*) – 620 եվրո Stamatia Hotel (4*) – 620 եվրո Napa Plaza Hotel (4*) – 720 եվրո So Nice Beach Resort (4*) – 770 եվրո Nestor Hotel (4*) – 860 եվրո NissiBlu Beach Resort (5*) – 1110 եվրո Grecian Sands Hotel (4*) – 1140 եվրո Adams Beach Hotel (5*) – 1370 եվրո:

Նշենք, որ այս արժեքն իր մեջ ներառում է ավիատոմս, տրանսֆեր, հյուրանոց, նախաճաշ, վիզայի աջակցություն, թարգմանություն, վիզա կենտրոնի օրվա ամրագրում։ Սակայն նշված փաթեթներում ներառված չէ վիզայի պետական տուրքը, որը կազմում է 23,000 դրամ և վճարվում է առանձին։

Ըստ «Positive Day tour»-ի՝ այս գները գործում են տվյալ պահին և կարող են փոփոխվել՝ կախված պահանջարկից և ամրագրումների դինամիկայից։ Այսպիսով, թեև ցածր գնով ավիատոմսերի առկայությունը հնարավոր է, սակայն ամբողջական ճանապարհորդության արժեքը զգալիորեն բարձր է և պահանջում է ավելի լայն ֆինանսական հաշվարկ և բնակաբար թոշակառուների բարձրացրած 10․000 դրամ թոշակով այս ամենը կազմակերպելն անհնար է։