«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունը, ինչը վարչական իրավախախտում է։ Խախտումը որակվել է որպես նվազ նշանակության, եւ խիստ պատժամիջոցների փոխարեն կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Միշայի Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է բանավոր նկատողություն, ինչը հարցեր է առաջացնում հաշվետվողականության եւ պատասխանատվության համաչափության վերաբերյալ։ Կուսակցությունը հիմնադրվել է 2021-ին. հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ։ Կուսակցությունը, ըստ նրա, հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի ուսումնասիրությամբ՝ ՔՊ ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ, Փարաքար համայնքի ավագանու անդամ Արաքսյա Վարդանյանի մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։ Նրա հայտարարագրերի համադրությամբ նկատվում են էական անհամապատասխանություններ. տրանսպորտային միջոցների առկայության եւ բացակայության չհամընկնող տվյալներ, բանկային հաշիվների մնացորդների կտրուկ տատանումներ (երբեմն զրոյից մինչեւ միլիոնավոր դրամներ), կանխիկ միջոցների զգալի տատանումներ (2021-ին՝ 4,9 մլն, 2022-23-ին՝ 4 մլն, 2024-ին՝ 1 մլն դրամ), ինչպես նաև թանկարժեք զարդի արժեքի փոփոխություն՝ 15 մլն-ից մինչեւ 20 մլն դրամ՝ առանց պարզաբանման, թե ինչ է այն, ինչ ծագում ունի, նվեր է, թե գնում։ 2024-ին Վարդանյանը ձեռք է բերել անավարտ շինություն՝ 27,060,000 դրամով, ունի 23 միլիոն դրամի վարկային պարտավորություն, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 7,842,313 դրամ։ Ընդհանուր առմամբ, վերլուծությունը վկայում է ֆինանսական ցուցանիշների անկանոն շարժերի մասին, որոնք պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ եւ վերահսկող մեխանիզմների առավել հստակ կիրառում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարության եւ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջեւ կնքված դրամաշնորհի պայմանագրով կենտրոնին տրամադրվել է մինչեւ 25 միլիոն դրամ պետական աջակցություն։ Սակայն փաստաթղթին կից չեն ներկայացվել ո՛չ միջոցառումների մանրամասները, ո՛չ էլ հաշվետվական որեւէ տվյալ, այսինքն՝ հանրությունը զրկված է իմանալու, թե կոնկրետ ինչ նպատակներով է ծախսվելու այդ գումարը։ Պայմանագիրը կնքել է կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Ալեքսանդր Զուրաբյանը։ Նրանից առաջ տնօրեն Անուշ Իսպիրյանը, ըստ նախկին բժիշկների, կեղծ բուժառուներ էր գրանցում եւ պետությունից գումար ստանում, ինչպես նաեւ ստիպում էր աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա պարգեւավճարներով մարել դրանք։ Իսպիրյանը խարդախության մեղադրանքով հեռացվել է պաշտոնից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան փակվելուց շուրջ 2 տարի անց աշխատակազմը դեռ չի ստացել շուրջ կես տարվա աշխատավարձը։ Մոտ 180 մլն դրամի պարտքի մասին է խոսքը։ Ծննդատան նախկին աշխատակից, անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը ահազանգել է, որ քաղաքապետարանը սկզբում խոստացել է վճարել, ապա հրաժարվել՝ պատճառաբանելով, թե նախկին կառավարիչն է պատասխանատու։ Ծննդատունը 2020-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին, 2022-ից նա չի կատարել պարտավորությունները, քաղաքապետարանը խզել է պայմանագիրը, եւ դատական պրոցեսն ավարտվել է 2024-ի ապրիլին։ Կառավարումը մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով գործունեությունը կասեցվել է։ Աշխատակիցները դիմել են դատարան, որը պարտավորեցրել է վաճառել գույքը եւ վճարել գումարները, սակայն ԴԱՀԿ-ն քայլեր չի ձեռնարկել։ Գրիգորյանը նշել է, որ քաղաքապետարանը միլիարդների պարգեւավճարներ է բաժանում, բայց 180 մլն դրամ աշխատավարձը հրաժարվում է վճարել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու։ Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանք հրավիրվեն վարժական հավաքների։ Իմաստը հասկանալի է. հնարավորինս շատ ակտիվ մարդիկ կտրվեն նախընտրական գործընթացներից ու պայքարից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 14-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հանդիպումը։ Մեր տեղեկություններով, Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը Միրզոյանին հանձնարարել էր հստակեցնել ԵՄ-ի խոստացած գումարների փոխանցման ժամկետները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի», այսինքն՝ իշխանության վերարտադրման համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Կալլասը պատասխանել է, որ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է ԵՄ բյուջեի դեֆիցիտի պատճառով, եւ առաջնահերթությունը տվել են Ուկրաինային։ Ստանալով այս պատասխանը՝ Փաշինյանը վրդովվել է եւ ասել. «Նրանք իսկապե՞ս չեն հասկանում, որ մեզ մոտ իրավիճակն օր-օրի վատանում է։ Հիմա այդ փողերը մեզ ավելի շատ են պետք, քան Ուկրաինային»»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ֆիթնես մարզիչների որակավորման 2,5 ամսյա դասընթացի առաջին 10 դիմողներին խոստանում է համաֆինանսավորում. 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարում է 50 հազար, մնացած 200 հազարը՝ հիմնադրամը։ Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում նշել է, որ սա նույնպես ընտրակաշառք է, պարզապես գործ ունենք երկակի ստանդարտների հետ. եթե մյուս թեկնածուներից որեւէ մեկը նման բան աներ, արդեն կալանավորված կլիներ։ Հիշեցնենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից, ինչից հետո մի շարք անձինք բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան սարսափած է հունիսի 7-ի ընտրություններից՝ հասկանալով, որ երեք հիմնական ընդդիմադիր ուժերը («Ուժեղ Հայաստան», «Հայաստան», ԲՀԿ) մեծ առավելությամբ հաղթում են: Ջղաձիգ գոռգոռոցներից զատ՝ նա ակտիվացրել է իրավապահ ռեպրեսիվ համակարգը: Մինչ ամբողջ Երևանը խցանումների մեջ է, իսկ վթարներն ու հանցագործություններն աճում են, Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ էր լցրել Թբիլիսյան խճուղի՝ Հակակոռուպցիոն դատարանի շրջակայք (լրագրողները մոտ 40 «գազել» էին հաշվել), որտեղ ընթանում էր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը: Ոստիկանները խաղաղ ակցիայի մասնակիցներին քաշքշում, վայրենաբար հարվածում, բռնի ուժով բերման էին ենթարկում, ինչի հետևանքով վնասվածքներ ստացողներ եղան: Սա է Փաշինյանի «ժողովրդավարությունը»՝ իրավապահ համակարգը վերածված է քաղաքական գործիքի՝ ընդդեմ ընդդիմադիրների»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կենսաչափական անձնագրերի թեման լուրջ կասկածների տեղիք է տալիս: «Ոչ թրքացմանը» նախաձեռնության հետաքննությունը բացահայտել է, որ իշխանությունները Հայաստանի թվային ինքնության հսկողությունը փոխանցել են ֆրանսիական IDEMIA ընկերությանը, որը տարբեր երկրներում (Նիգերիա, Բանգլադեշ, Քենիա, Անգոլա) ունեցել է կոռուպցիոն սկանդալներ, իսկ Քենիայում խորհրդարանը նույնիսկ արգելել էր ընկերության գործունեությունը: Ընկերության 90%-ը պատկանում է Advent International-ին, որը պահեստամասեր է մատակարարում թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ների համար, եւ այդ ԱԹՍ-ներն ադրբեջանական բանակը կիրառել է Արցախի դեմ: Հետաքննության հեղինակների խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն հարստացրել է օլիգարխիկ կլանին, այլեւ բնակչության ռազմավարական տվյալները փոխանցել է զենք արտադրող կառույցի, եւ այս ամենի հետ մեկտեղ անձնագրերը թանկացել են 1000 դրամից դառնալով 25000 դրամ»: