Արտաքին 4 ամիս առաջ - 19:43 16-04-2026

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու բանաձև է պատրաստել

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի մասին բանաձև է պատրաստել և մտադիր է գործընթացը նախաձեռնել ապրիլի 22-ին:

Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։

Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին։ Ընդ որում, ինչպես նշում է պորտալը, բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու հնարավորություն գրեթե չունի։

Փաստաթղթում ներառված է մեղադրանքների 6 կետ, այդ թվում՝ լիազորությունների չարաշահումը, հնարավոր ռազմական հանցագործությունները և այլ լուրջ խախտումներ: Մասնավորապես, Հեգսեթին մեղադրում են առանց Կոնգրեսի թույլտվության Իրանին հարվածներ հասցնելու, քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման, գաղտնի տեղեկատվության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի ու լիազորությունների չարաշահման մեջ:

Պենտագոնի խոսնակ Քինգսլի Ուիլսոնը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ դա ուշադրություն գրավելու փորձի է՝ ընդգծելով, որ գերատեսչությունը «կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարություններն Իրանում»:

Ձեզ գուցե հետաքրքրի