Ներքին 3 ամիս առաջ - 13:47 10-04-2026

2026 թվականը Հայաստանում ջրառատ կլինի. գարնանային վարարումները կկազմեն նորմայի 100-160 տոկոսը

Ըստ մասնագետների նախնական գնահատման՝ 2026 թվականը Հայաստանում ջրառատ է լինելու:

Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետեորոլոգիայի եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանը:

Նրա խոսքով՝ գարնանային վարարումների ձեւավորումն ուղղակիորեն կախված է նոյեմբեր-մարտ ամիսների եղանակային պայմաններից, ինչպես նաեւ ապրիլ-հունիս ամիսների կանխատեսումներից։

«2025 եւ 2026թթ․ նշանավորվել են մի շարք անոմալ հիդրոօդերեւութաբանական ցուցանիշներով»,- նշել է նա։

Օրինակ՝ 2025թ․ նոյեմբերը 1935 թվականից ի վեր դիտարկումների ողջ ժամանակահատվածում ամենատաք եւ ամենաչոր ամիսներից մեկն էր։ Մյուս կողմից՝ 2026թ․ փետրվարը ռեկորդային տաք էր. օդի միջին ջերմաստիճանը կազմել է մոտ +0.1°C, գրեթե 5 աստիճանով բարձր նորմայից։

Ամսվա ընթացքում գրանցվել են նաեւ առատ տեղումներ՝ հասնելով նորմայի 206 տոկոսին, ինչն այն դարձնում է գրանցված երրորդ ամենախոնավ փետրվարը դիտարկումների պատմության ընթացքւոմ։

Մարտը նույնպես չափազանց առատ էր տեղումներով՝ ամենաթացը 1935 թվականից ի վեր։

Տեղումները գրեթե կրկնակի գերազանցել են նորման։ Ընդհանուր առմամբ, ձմեռը բնութագրվեց տեղումների ավելացմամբ, որն արդեն իսկ զգալի դրական ազդեցություն ունի երկրի ջրային ռեսուրսների վրա։

Ազիզյանը մասնավորապես անդրադարձել է ձյան ծածկույթի հետ կապված իրավիճակին։ Նրա խոսքով՝ հունվարին ձյունը ծածկել է գրեթե ամբողջ հանրապետությունը, դրա խորությունը գերազանցել է նորման միջինը 30 տոկոսով, իսկ որոշ շրջաններում՝ զգալիորեն ավելի։ «Օրինակ՝ Ապարանում ձյան ծածկույթը հասել է նորմայի 172 տոկոսին, Գավառում՝ 204 տոկոսին, իսկ Ամբերդում՝ 163 տոկոսին»,- նշել է նա։

Մարտին ձյունը հիմնականում մնացել է բարձրլեռնային շրջաններում՝ 1 700 մետրից բարձր։

Արագածի օդերևութաբանական կայանում ձյան հաստությունն այժմ կազմում է 311 սմ, ինչը 122 սմ-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է առաջիկա ամիսներին, ապրիլ-հունիսին տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ։ Ապրիլին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մի փոքր ցածր, իսկ մայիսին եւ հունիսին՝ նորմայից մի փոքր բարձր։

Ազիզյանն ընդգծել է, որ 2026թ․ գարնանային վարարումների մակարդակը կտատանվի նորմայի 100-130 տոկոսի սահմաններում, իսկ որոշ շրջաններում կարող է հասնել 140-160 տոկոսի։

Վեգետացիոն շրջանը նույնպես, կանխատեսվում է, որ ջրով լավ ապահովված կլինի՝ երկարաժամկետ միջինի 100-120 տոկոսի սահմաններում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել