Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:00 06-04-2026

Առաջին կորուստը․ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ում արշալույսները խաղաղ չեն

Առաջին և գուցե ոչ վերջին կորուստներն է կրում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը․ կուսակցության հիմնադիր անդամներից Աշոտ Ֆարսյանը կարծես թե լքել է Կարապետյաններին։

Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված փաստաթուղթը հաստատում է, որ դեռ փետրվարի 11-ին Ֆարսյանի կարգավիճակը փոխվել է։ Ըստ էության, նա կա՛մ դուրս է եկել կուսակցությունից, կա՛մ սառեցրել իր անդամակցությունը ընդդիմադիր այս ուժին։



Փորձենք հասկանալ նաև, թե ով է Աշոտ Ֆարսյանը։

Նա «Ուժեղ Հայաստան»-ի կազմավորման սկզբնական փուլում ներկայացվում էր որպես հիմնադիրներից մեկը, ով մասնակցում էր կուսակցության գաղափարական հիմքի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Նրա կենսագրական տվյալներից, մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ նախկինում ներգրավված է եղել հանրային տարբեր նախաձեռնություններում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում, հանդիսանալով խորհրդի անդամ, նա ներկայացվում էր որպես տնտեսական վերլուծաբան կամ փորձագետ։ Թեև լայն հանրությանը նա այնքան էլ հայտնի դեմք չէ, սակայն կուսակցության ներսում նա համարվել է համակարգող և եղել կազմակերպչական կարևոր օղակներից մեկը։ «Ուժեղ Հայաստանը» լքած գործչի նախկին կապերը, քաղաքական ուղին ու գործունեության նախորդ փուլերը հստակ չեն հանրայնացվել, սակայն ակնհայտ է, որ նա պատահական մարդ չէր կուսակցության ներսում։

Ի դեպ, Աշոտ Ֆարսյանը դեռ ամիսներ առաջ ակտիվորեն հանդես էր գալիս ելույթներով, ինչը վկայում էր, որ մեծ ակնկալիքներ է կապում «Ուժեղ Հայաստանի» հետ։ Սակայն, ինչպես ասում են, միշտ չէ, որ նման սպասումները համընկնում են իրական զարգացումների հետ։

«Մեր քաղաքացիների մոտ հույս է արթնացել, որ կարող են քաղաքական գործընթացներով երկրում փոփոխություն բերել, և «Մեր ձևով» շարժմանը միանալը կապում եմ դրա հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Աշոտ Ֆարսյանը, ով այսօր փաստացի լքել է Կարպատյաններին։


Ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը սովորաբար արագ է արձագանքում քաղաքական իրադարձություններին, այս դեպքում լռում է։ Նկատենք՝ «Ուժեղ Հայաստան»-ից չկա ո՛չ պաշտոնական պարզաբանում, ո՛չ էլ մեկնաբանություն տվյալ թեմայի վերաբերյալ։ Սա կարող է վկայել կամ ներքին լարվածության մասին, կամ էլ, որ կուսակցությունը փորձում է խուսափել ուշադրության կենտրոնում հայտնվելուց։

Փաստացի Ֆարսյանի հեռանալն «Ուժեղ Հայաստան»-ում առաջին զգալի ճեղքն է։ Մյուս կողմից դժվար է ասել՝ արդյոք սա եզակի՞ դեպք է, թե՞ նմանատիպ դեպքեր էլ են եղել։

Միևնույն ժամանակ սա ցույց է տալիս, որ նորաստեղծ կուսակցությունը դեռևս գտնվում է անկայուն և փխրուն փուլում, և կարելի է արձանագրել՝ ներսում առկա են որոշակի տարաձայնություններ։ Իհարկե, պատճառները մնում են անհայտ, սակայն նման զարգացումները սովորաբար պատահական չեն լինում․․․

Հ.Գ.: Նշենք, որ ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից կապ հաստատեցին Oragir.News-ի հետ՝ ապատեղեկատվություն որակելով տարածված լուրը:


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան