Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:40 06-04-2026

Աշոտ Փաշինյանի արցունքներին ՔՊ-ում էլ չեն հավատում․ նրա զինակիցը 283 հոգանոց ցուցակում 214-րդն է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս հրապարակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, որի հիմնական մասը բաղկացած է 283 հոգուց։ Այստեղ տեղ են գտել ներկա ու նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, ովքեր, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցանկանում են 3-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորել։

Ինչպես հայտնի է, այս անգամ ՔՊ-ի համամասնական ցուցակը ձևավորվել է ներկուսակցական քվեարկության արդյունքում։ Սա նշանակում է, որ ցուցակի առավել բարձր ու անցողիկ հորիզոնականներում հայտնվել են այն ՔՊ-ականները, ովքեր վայելում են իրենց կուսակից-գործընկերների վստահությունը, իսկ վերջին հորիզոնականներում հայտնվածները զիջում են վստահության ցուցանիշով։

Oragir.News-ը նկատեց, որ ՔՊ համամասնական ցուցակի 214-րդ հորիզոնականում Միքայել Միքայելյանն է։ Վերջինս մասնագիտությամբ պատմաբան է, դպրոցում պատմություն է դասավանդում, ինչպես նաև 8-րդ գումարման խորհրդարանում եղել է ՔՊ-ական նախկին պատգամավոր, «Նավակ ճոճող» մականվամբ հայտնի Վիլեն Գաբրիելյանի օգնականը։

Առաջին հայացքից այս անուն-ազգանունը մեր ընթերցողին ոչինչ չի ասում, սակայն հիշյալ երիտասարդը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին և իր պնդմամբ կռվել ամենաթեժ ուղղություններում։

Ավելին՝ ռազմական գործողությունների ողջ ընթացքում նա ոչ միայն հասցնում էր հարցազրույցներ տալ, Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցներին մասնակցել ու հանրության շրջանում հաղթական տրամադրություններ տարածել, այլև գրեթե ամենօրյա ռեժիմով ֆեսյբուքում գրառումներ կատարել, ռազմաճակատից լուսանկարներ հրապարակել, իսկ արդեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո հիմնավորել, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը այն ստորագրեր։






Մի կողմ դնելով այն քարոզչական թեզերը, որոնք այս երիտասարդը պատերազմի ամենաթեժ օրերին տարածում էր ու բոլորիս վստահեցնում, որ «հաղթում ենք», կապիտուլյացիայի գիշերը մենք իմացանք, որ Միքայելը եղել է Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի զինակից ընկերը։ Նույն գիշերը, 44-օրյա հաղթական էյֆորիայով կերակրվող հայ հանրությունն իմացավ, որ Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել ու դուրս եկավ փողոց, Միքայելը ժամը 03։33-ի Աշոտի պատերազմական «սխրանքին» նվիրված մի գրառում կատարեց՝ պնդելով, թե նա արցունքն աչքերին խնդրում էր, որ դասալիքները խրամատը չթողնեն ու չփախնեն։ «Կյանքումս չեմ մոռանա, երբ հոկտեմբերի մեկին Ջաբրայիլում գոռում էի, աղաչում էի, որ մի փախեք, մեզ մենակ մի թողեք, Երբ որ Կուբաթլույում Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում էր, որ խրամատը մի թողեք փախեք»,-գրել էր նա՝ վստահեցնելով, որ ոչ մի «դասալիքի» չի մոռանալու։



Միքայելի այս հրապարակումը հայ հանրությանն առանձնապես հավատ չներշնչեց, քանի որ դրա քարոզչական բաղադրիչն ակնհայտ էր, սակայն ՔՊ-ի ներկուսակցական քվեարկության արդյունքները վկայում են, որ իշխող ուժի ներկայացուցիչները ևս դրան չեն հավատացել։ ՔՊ-ի համամասնական ցուցակում հայտնվելու և պատգամավորական բուռն գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող այս երիտասարդը ներկուսակցական քվեարկության առաջին փուլում ստացել է 932 պատվիրակներից ընդամենը 58-ի (6.22%-ի) վստահության քվեն՝ հայտնվելով 214-րդ ոչ անցողիկ հորիզոնականում։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Աշոտ Փաշինյանի արցունքներին անգամ ՔՊ-ականները չեն հավատեցել, այլապես նրա զինակիցը 283 հոգանոց համամասնական ցուցակում 214-րդ հորիզոնականը չէր զբաղեցնի։

Ուշագրավ է նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին նա պատերազմի մասնակիցների և մի հոգևորականի հետ լուսանկար էր հրապարակել՝ այն մակագրելով «Մայր եկեղեցին մեր կողքին` առաջնագծում», նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահեցնում էր, որ երբ աղջիկ ունենա, նրան Շուշի է անվանելու և կնքելու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում:





Երիտասարդ այս ՔՊ-ականը, ով ինքն էր ընդունում, որ Հայ Առաքելական եկեղեցին պատերազմի օրերին կանգնած է եղել զինվորի կողքին, փաստացի աջակցում է Նիկոլ Փաշինյանի հակակեղեցական արշավին։ Երեկ՝ Սուրբ Հարության տոնին, նա պատարագի է մասնակցել ոչ թե Շուշիում, այլ Հովհաննավանքում, պատարագն էլ մատուցում էր կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը։ Ավելին՝ Միքայելն ընտանիքի հետ միասին լուսանկարվել է Ստեփան Ասատրյանի հետ ու հպարտությամբ հրապարակել այն իր ֆեյսբուքյան էջում։



Հավելենք նաև, որ նախորդ օրն էլ՝ ապրիլի 4-ին, Միքայելը մասնակցել է «Վարչաբենդ»-ի հերթական համերգին ու սրտիկներով լուսանկար հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այստեղ գուցե տարօրինակ ոչինչ չլիներ, սակայն նշենք, որ նախքան 2018-ի իշխանափոխությունը նա նույն հպարտությամբ լուսանկար էր հրապարակել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն այժմ նա հեռացրել է իր էջից։



Այստեղ վստահորեն կարող ենք պնդել, թե իշխանափոխությունից հետո ինչ ճակատագրի են արժանանալու Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի հետ Միքայել Միքայելյանի հրապարակած լուսանկարները․․․

Դավիթ Գույումջյան