Ներքին 3 ամիս առաջ - 22:08 05-04-2026

Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի էջում գրառում է հրապարակվել Հարության տոնի առթիվ․

«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» (Մարկ. ԺԶ:3-4)

Այս մտքերով ու մտահոգությամբ տարված, տագնապով պատված` թույլ ու անօգնական թվացող կանայք ընթանում էին դեպի Հիսուսի գերեզմանը:

Գիտակցում էին, որ դժվար է` գրեթե անհնար ու անկարելի, հեռացնել այն ծանր քարը, որ դրված էր Լույսի Ճանապարհին` իրենց երազների, ձգտումների, նպատակի իրականացման ու կյանքի վրա:

Սակայն, որքան էլ անհնար թվար, նրանք չկասկածեցին, չվարանեցին, այլ ընթացան, որովհետև իրենց նպատակն ու պատասխանատվությունը, պայքարի ու հաղթանակի ձգտումն ավելի մեծ էր, քան իրենց վախերն ու թվացյալ անզորությունը:

Եվ արձագանքը չուշացավ... քարը գլորվեց, լույսը ճառագեց և ձայնը գոչեց. «Մի’ վախեցեք, Քրիստոս Յարեա՜ւ»:

Այո’, քարը գլորվեց, որովհետև նրանք չվախեցան:

Նրանց համառ ընթացքը, ճշմարտության համոզմունքը, արդարության անպարտելիությունը, նպատակին հասնելու ձգտումը և անսակարկելի հավատքը գլորեցին այդ մեծ գերեզմանաքարը և ո’չ սոսկ անհույս հրաշքի սպասումը:

Նրանք հաղթեցին, որովհետև արդեն հաղթել էին, որովհետև չհամակերպվեցին, որովհետև չվախեցան և չընկրկեցին: Նրանք չսպասեցին և չակնկալեցին, որ որևէ մեկը իրենց փոխարեն կհեռացնի այդ ծանր քարը:

Այս փոքրիկ դրվագը իր համառոտությամբ առավելագույնս արտացոլում է մեր կյանքի իրականությունը` մեր ունեցած վախերի, տագնապների, կասկածների, մտահոգությունների մեծ քարին դեմ հանդիման կանգնած` մեր համառ ընթացքով, նպատակներով, երազներով ու ձգտումներով:

Այսօր, այդ չարիքի քարը կարծես դրված մեր երկրի և մեր ժողովրդի վրա: Եվ մենք գիտակցված կամ ակամա նույն հարցն ենք տալիս. «Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար».

Ո՛չ ոք, ո՛չ անհույս հրաշքի սպասումը, և ո՛չ այլ ինչ պատրանք, այլ միայն դո՛ւ և դո՛ւ, մե՛նք և մե՛նք, մեր նպատակով, մեր երազներով, պատասխանատվությամբ և աննահանջ կամքով ու սիրով`

Վախին հակադրելով քաջությունը,
Անզորությանը` հույսը և կամքը,
Կասկածին` հավատքն ու վստահությունը,
Ստին` ճշմարտությունը,
Կեղծիքին` արդարությունն ու հավատարմությունը,
Անորոշությանը` նպատակն ու երազի իրականացումը,
Հարմարվելուն` համառ ընթացքը և պատասխանատվությունը,
Ատելությանը` սերն ու հաշտությունը:

Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած:

Եվ վստահաբար, կլսենք ու կտեսնենք ու կպատմենք, որ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»:

Նա ո՜ղջ է, ինչպես և դուք, ինքներդ ձեզ մի սպանեք և, առավել ևս, մի փնտրեք մեռելների մեջ:

Եվ այդ քարը մե՛նք կգլորենք... Այն չի ուշանա...

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,
Մեծ Ավետիս բոլորիս»:

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

05.04.2026
Տօն Սբ Յարութեան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից