Սուրբ Հարության տոնը քրիստոնեական աշխարհի ամենասպասված և լուսավոր տոներից է, որը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Հայկական ընտանիքներում այս տոնն առանձնահատուկ ջերմություն ունի՝ համեմված կարմիր ներկված ձվերով, տոնական փլավով և վերածննդի հավատով։
Այս տարի հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները նույնպես ակտիվորեն կիսվել են իրենց տոնական եռուզեռով և գեղեցիկ ձևավորված սեղաններով։
Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը, այս տարի զարմացրել է իր հետևորդներին դեկորներով հարուստ և մանրակրկիտ ձևավորված սեղանով։ Յուրաքանչյուր դետալ ընտրված էր մեծ ճաշակով՝ ստեղծելով հեքիաթային տոնական մթնոլորտ։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նախընտրել էր հավատարիմ մնալ հայկական դասական ավանդույթներին։ Նա անձամբ էր զբաղվել տոնական ուտեստների պատրաստմամբ և խոստովանել. «Առաջին անգամ պատրաստել էի ձուկ և չամիչով, չրերով ու լավաշով փլավ»։
Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը Զատկի սեղանը պատրաստել էին միասին։ Զույգի հրապարակած կադրերից պարզ էր դառնում, որ նրանց տանը տիրում է ընտանեկան սիրո և միասնության ջերմ մթնոլորտ։
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանի տոնական սեղանն աչքի էր ընկնում իր ոճային լուծումներով։ Նուրբ դեկորները և էսթետիկ ձևավորումը ստեղծել էին ժամանակակից, բայց միևնույն ժամանակ խորհրդանշական միջավայր։
Թեև յուրաքանչյուրն ուներ իր մոտեցումը՝ լիներ դա ավանդական, թե դեկորատիվ, բոլորին միավորում էր մեկ նպատակ՝ նշել կյանքի վերածնունդը հարազատների ու սիրելի մարդկանց շրջապատում։