Ներքին 2 ամիս առաջ - 17:12 04-04-2026

Զելենսկին չի պատկերացնում Հորմուզում ռազմական գործողությունների բարդությունը

«Մենք կարող ենք օգնել մեր գործընկերներին վերաբացել Հորմուզի նեղուցը, մենք քննարկում ենք այս հարցը և պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ հիմնվելով Սևծովյան միջանցքի վերաբացման մեր փորձի վրա»,- այս մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ինչպիսի՞ արձագանք կարող է ստանալ այս հայտարարությունը և ինչո՞ւ է հենց այս պահին Զելենսկին հանդես գալիս նման դիրքորոշմամբ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն Oragir.News-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս հայտարարությունը՝ նշեց, որ Զելենսկին չի պատկերացնում Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական գործողությունների բարդությունն ու հետևանքները։

«Կարող եմ ասել, որ նա բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով։ Ես ամենևին չեմ վիճարկում, որ Ուկրաինայի զինված ուժերը բավականին բարձր պատրաստվածություն ունեն, բայց պետք է արձանագրենք, որ Զելենսկին ամբողջությամբ չի պատկերացնում Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական գործողությունների բարդությունն ու դրանց հետևանքները»,- գնահատեց քաղաքագետը՝ հավելելով, որ նման հայտարարությունները միշտ չէ, որ լիովին հաշվարկված են։

«Եթե նույնիսկ այնպիսի խոշոր տերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան խուսափում են նման գործողություններից, ապա կարելի է ենթադրել, որ նրանք հաշվարկել են հնարավոր ռիսկերն ու գինը, և նպատակահարմար չեն գտել նման քայլերի գնալը։ Հետևաբար, չեմ կարծում, որ Զելենսկու այս հայտարարությունը գործնական մեծ արժեք ունի»,- նկատեց Սուրենյանցը։

Հիշեցնենք, իր հայտարարության մեջ Զելենսկին ընդգծել է, որ խոսքը ոչ միայն նեղուցի վերաբացման, այլև անվտանգության ապահովմանն աջակցելու մասին է, ներգրավելով անօդաչու թռչող սարքերը, ռազմածովային շարասյուները և պատերազմի էլեկտրոնային համակարգերը։

«Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ, չնայած՝ դեռևս որևէ պաշտոնական խնդրանք չենք ստացել», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված