Ներքին 2 ամիս առաջ - 10:35 04-04-2026

Եվրոպացու եկամտի մեջ գազի ծախսը չնչին է, իսկ ձմռանը հայաստանցու համար՝ ընտանեկան բյուջեի «գլխավոր ծախսը»՝ 30-50 տոկոս. Արթուր Ղազարյան

Արթուր Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանի գազի գնի պատմությունը շատ բարդացված է, թե պայմանագրով թե իրականության մեջ։ Ստեղծված է մանիպուլյացիոն ծուղակ, որը լայնորեն կիրառվում է թե ռուսների, թե նրանց հայաստանյան վասալների կողմից։

1․ 2013-ի պայմանագրով մեզ խոստացան «ռուսաստանյան Օրենբուրգյան ներքին գներ»։ Այսօր Օրենբուրգի բնակիչը ջեռուցման համար վճարում է մոտ 80 $, մենք Հայաստանում վճարում ենք 375 $։ Ինչու՞։ Ինչու սրա մասին չեն խոսում էներգետիկ "փորձագետները" Հայաստանում։

2․ Պուտինի 177 դոլարը. Երբ լսում եք 177 դոլարի մասին, հիշե՛ք՝ դա Գազպրոմի սահմանի գինն է՝ հաշվի առած գազի որակը (կալորիականությունը)։ Բայց մինչև այս գազը հասնում է ձեր վառարանին, նրան գումարվում են.

+ 20% ԱԱՀ (պետբյուջե),
+ «Գազպրոմի» երաշխավորված 9% շահույթը (ըստ պայմանագրի),
+ Գազպրոմի ցանցի սպասարկման և կորուստների ծախսերը, Գազպրոմյան աշխատավարձերը։
Եվ արդյունքում Գազպրոմը մեզ գազը հիմա վաճառում է 375 դոլարով, ոչ թե 177։ Սա ուղղակի ռուսական մանիպուլյացիա է։

3․ Ի՞նչ արժե Իրանից ստացվող գազը։ Իրանի հետ մենք ունենք գործող այսպիսի փոխանակման սխեմա՝ 1 խմ իրանական գազ = 3 կվտ/ժ Իրանին վերադարձվող լույս։ Սա մեզ վրա նստում է մոտ 140 $, ինչն ավելի էժան է, քան ռուսականը։ Բնակչի համար սա էժանացում չի բերում, քանի որ խողովակները պատկանում են նորից ռուսական Գազպրոմին։ Այսինքն ֆորմալ Իրանի գազը մեզ համար 140 դոլար է, ոչ թե 375, ինչպես որ այսօր ռուսականը։ Սրա մասին ևս չեն խոսում Հայաստանում ռուսական վասսալ պրոպագանդիստները։

4․ Այո, Գերմանիայում կամ Իտալիայում գազը կարող է արժենալ 1200 $ և ավելի։ Բայց արդյո՞ք դա մխիթարություն է, երբ եվրոպացու եկամտի մեջ գազի ծախսը չնչին տոկոս է 5-7%, իսկ հայաստանցու համար ձմեռային ամիսներին այն դառնում է ընտանեկան բյուջեի «գլխավոր ծախսը» 30-50%։

Հայաստանը աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկն է, բայց նաև ամենաբարդ պայմանագրային կապանքներով ու սխեմաներով, որտեղ շահույթը երաշխավորված է ռուսական Գազպրոմ ընկերության համար, իսկ գինը՝ ծանր բեռ սպառողի համար։

Ամենից շատ դիտված