Երևանում՝ ՀՀ դատախազության շենքի դիմաց, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Օրբելի փողոցի բնակիչները, նրանք շարունակում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները՝ կապված իրականացվող շինարարության հետ։
Նրանց փոխանցմամբ՝ արդեն շուրջ երեք տարի է՝ նախկին զինվորական հոսպիտալի տարածքում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնց շրջանակում նախատեսվում է կառուցել միանգամից հինգ՝ 35-հարկանի շենք։
Բնակիչները պնդում են, որ այս ընթացքում աշխատանքներն իրականացվել են բազմաթիվ խախտումներով, և շինարարությունն ապօրինի է։ Նրանց խոսքով՝ շինարարությունը արդեն վնասել է հարակից բնակելի շենքերը Այգեձոր, Բաղրամյան և Օրբելի փողոցներում։
Նրանք նշում են, որ շենքերի հիմքերում առաջացել են ճաքեր, իսկ գիշերային ժամերին՝ երբեմն շինարարական աշխատանքները շարունակվում են մինչև ժամը 04:00-ը։
Քաղաքացիները նաև հարցեր են բարձրացնում քաղաքային ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության վերաբերյալ։ Նրանց պնդմամբ՝ անհասկանալի է, թե ինչպես են հաշվարկել նման ծավալի շինարարությունը՝ հաշվի առնելով տրանսպորտային հոսքը, կոյուղու համակարգի հնարավորությունները և արտակարգ իրավիճակներում հրշեջ մեքենաների հասանելիությունը։
Նշեցին նաև, որ հարակից դպրոցներից մեկը որոշ ժամանակ անցել էր հեռավար ուսուցման՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն բնակիչների պնդմամբ՝ սեյսմիկ ստուգումների վերաբերյալ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր։
Բնակիչները վստահ են, որ գործ ունեն ոչ միայն շինարարական խախտումների, այլև հովանավորչության հետ։ Նրանց խոսքով՝ արդեն հարուցվել է երկու քրեական գործ շինարարությունն իրականացնող ընկերության դեմ, սակայն խնդիրները շարունակում են մնալ չլուծված։
Մանրամասները՝ տեսանյութում: