Տևական ժամանակ է, ինչ հանրության ուշադրությունը սևեռված է երգիչ, դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքի վրա։ Նրա որդու՝ Ֆելիքսի առողջական խնդիրների և բուժման մեկնարկի մասին լուրերը ալեկոծել են համացանցը։ Ընտանիքն այժմ գտնվում է Մյունխենում, որտեղ մասնագետների հսկողության տակ սկսվել է փոքրիկի բուժման բարդ ու պատասխանատու փուլը։
Այսօր Գոռ Հակոբյանն իր սոցիալական էջերում մի նոր հոլովակ է հրապարակել, որն անտարբեր չի թողել և ոչ մի հետևորդի։ Տեսանյութում դերասանը վարսավիրանոցում է․ նա որոշել է սափրել գլուխը։ «Հաջողություն, մազեր», - տեսանյութում ասում է Գոռը՝ փորձելով պահպանել լավատեսությունը նույնիսկ ամենադժվար պահին։
Հետևորդների կարծիքով՝ սա ոչ միայն ոճափոխություն է, այլև հզոր հոգեբանական աջակցություն որդուն։ Քիմիաթերապիայի կուրսերի ընթացքում հնարավոր մազաթափությունը կարող է տրավմատիկ լինել երեխայի համար, և հոր այս քայլը միտված է Ֆելիքսին ուժ տալուն։
Սա միասնության ու անսահման սիրո յուրօրինակ ժեստ է, որպեսզի փոքրիկը իրեն միայնակ չզգա այս պայքարում։
Տեսանյութի մեկնաբանություններում հազարավոր մարդիկ իրենց զորակցությունն են հայտնում ընտանիքին՝ մաղթելով Ֆելիքսին շուտափույթ ապաքինում, իսկ ծնողներին՝ տոկունություն։