«Հրապարակ» թերթը գրում է․ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Ռ. Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ խոսքը Անահիտ Ներկարարյանի մասին է․ «Ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում։ Աշխատելու է 120 հազար դրամ աշխատավարձով, եթե ստաժիրովկան նորմալ անցնի։ Բայց ինչի՞ եք իրենով հետաքրքրված, ուսանող երեխա է, առաջին կուրս է բայց քոլեջ է ավարտել։ Հեռակա բաժնի ուսանողուհի է»։
«Հրապարակ» թերթը գրում է ․ Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։
Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված՝ ուղարկել են դպրոցին։ Սակայն Փաշինյանի արցախատյաց քաղաքականության արդյունքում եւ ԿԳՄՍՆ-ից վերջերս դպրոցներին ուղարկված շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ հեռացնել հերոսների անկյունը՝ դրոշը ներառյալ, կա՛մ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։
«Հրապարակ» թերթը գրում է ․ Թեեւ ապրիլի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել՝ օրակարգում 2 հարց․ հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն, որոշ տեղեկություններով, ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել», եւ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։
Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։
Սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցականներ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն, կարծում են, որ անտեղի ռեսուրսների վատնում է լինելու, եւ, ամենակարեւորը՝ իրենց մեղադրելու են ձայներ փոշիացնելու մեջ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Բաքվի գերությունից վերադարձած Գեւորգ Սուջյանն ակտիվ է սոցցանցերում, հիմնականում՝ հօգուտ իշխանության: Ասել էր, որ բիզնեսով է զբաղվում, պարզվեց՝ ՔՊ-ի սրտիկներով շապիկներ են արտադրում:
Նա ասաց, որ միայն շապիկների լոգոներ չեն, նաեւ` անկողնային պարագաներ, սրբիչներ. «Մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ՝ սրտիկներով շապիկներ։ Ասեղնագործում ենք ցանկացած գաղափար՝ ըստ պատվիրատուի ցանկության»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև 2024 թ․ հուլիսի 8-ին ստորագրված հուշագրի իրականացումն արդեն հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսում է պետական միջոցներով կառուցված մարզահամալիրների հետագա կառավարումը մասնավոր ընկերության կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիրների կառուցում Մարտունիում, Եղեգնաձորում և Արտաշատում։ Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկային փուլում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել երեք մարզահամալիր, որոնց նախագծային փաստաթղթերը պետք է տրամադրի մասնավոր ընկերությունը։ Կահավորման ծախսերի շուրջ 80%-ը նույնպես վճարում է պետությունը, սակայն ավարտից հետո համալիրների կառավարումը փոխանցվելու է «Հիլլզ սպորտային համալիր» ընկերությանը, որը պատկանում է Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի եղբորը։
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ մարզային կառույցի ղեկավարներն այս օրերին զբաղված են ոչ թե իրենց կողմ մարդիկ հավաքագրելու գործով, այլ ճիշտ հակառակը։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, մարզային ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ՝ հասկանալու, թե ով` ով է տեղում։
Ով է «կուռացիա» անում ցուցակները, ով է քարոզարշավի պատասխանատուն։ Այս տեղեկությունները հավաքագրելը տեղի մարզային ՔՊ-ականներին հանձնարարվել է մարզպետարաններից։
«Իրավունք» թերթը գրում է.
«Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախընտրական շրջագայությունները Երեւանում` Երեւանի բնակիչների տրամադրությունները շոշափելու համար, սկանդալները դարձել են անպակաս։ Վերջին նման շրջայցը հանգեցրեց եկեղեցու պատմությանը, որի արդյունքում Հայաստանն ունեցավ անչափահաս քաղբանտարկյալ։ Դրանից առաջ մետրոյի պատմությունն էր:
Հետո պարզվեց, որ Փաշինյանի հաթաթաների զոհն էր դարձել արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մոսինյանի դուստրը՝ Արմինե Մոսինյանը։ Դեպքից անցել է շաբաթներ, սակայն Մոսինյաններից որեւէ մեկը այլեւս չի արձագանքում թեմային։
«Իրավունքը» փորձել է կապի դուրս գալ Արմինե Մոսինյանի հետ, սակայն նրան մոտ կանգնած արցախցիները նշեցին, որ ապարդյուն է, քանի նոր Արմինեի ընտանիքում այդ միջադեպը բավական տհաճ խոսակցությունների առիթ է դարձել. «Խոսք ու զրույցի է վերածվել այդ միջադեպը ընտանիքում, Փաշինյանը կարողանում է մարդկանց տունը կռիվ գցել, դրանում նրան հասնող չկա»,-ասաց աղբյուրը։