Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:45 02-04-2026

Ալիկս ասում էր՝ ես պոստերի մարդ եմ. ինքը թուրքերի ահն ու սարսափն էր. զոհված սպայի հայր

Գյումրեցի փոխգնդապետ Ալիկ Առաքելյանը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհվածներից էր։ Նա ծառայում էր Ջրականում (Ջեբրայիլում)։ Հայրը՝ Գևորգ Առաքելյանը, Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ Ալիկը դեռ դպրոցական տարիներից իր առջև նպատակ էր դրել՝ դառնալ զինվորական։

Քառօրյա պատերազմում զոհված սպայի համար զինվորականի մասնագիտության հանդեպ սերը պատահական չէր. նրա հայրը ևս զինվորական է եղել։

Ալեքսան (Ալիկ) Առաքելյանը ծնվել է 1982 թվականին՝ Գյումրիում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2001 թվականին, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2004 թվականին ավարտել է այն և շուրջ 10 տարի ծառայել հարավային սահմանում՝ որպես դասակի հրամանատար։ 2014 թվականին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, ապա տեղափոխվել Վարդենիսում տեղակայված երկրորդ բանակային կորպուս՝ որպես ծառայության պետ։ Հետագայում կրկին տեղափոխվել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ։

Հայրը հիշում է, որ որդին հաճախ էր կրկնում՝ ինքը «պոստերի մարդ է», կաբինետային ծառայությունը իրենը չէ։ «Ալիկս ասում էր՝ ես պոստերի մարդ եմ, ինքը թուրքերի ահն ու սարսափն էր»,- պատմում է հերոսի հայրը։

Խիստ զինվորականի մեջ թաքնված էր նաև աստվածավախ, հայրենասեր ու բարի մարդը։ Ալիկ Առաքելյանը աննահանջ կռվել է՝ հետ մղելով թշնամու գրոհները։

Նրա կռիվն ավարտվել է մահացու վիրավորում ստանալուց հետո։ Առաքելյանի մահվան ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էին հանձնվել ապրիլի 2-5-ը ծավալված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած 18 զինծառայողների մարմինները։ Նրանց թվում էր նաև Ալեքսան Առաքելյանը։

Ալիկ Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։ Մանրամասները՝ տեսանյութում։