Էկոավտոբուսները Վանաձորում շահագործվում են, իսկ Գյումրիում՝ կանգնած փչանում (տեսանյութ)
Եվրամիության ֆինանսավորմամբ գնված էլեկտրական ավտոբուսները Գյումրիում այդպես էլ չեն շահագործվում։
2024 թվականին քաղաք հասած 5 էկոավտոբուսները մինչ օրս կանգնած են՝ դուրս մնալով քաղաքային տրանսպորտի ցանցից։ ԵՄ ծրագրով ընդհանուր 10 էլեկտրական ավտոբուս է տրամադրվել Գյումրիին և Վանաձորին՝ հավասար բաժանմամբ։
Մինչ Վանաձորում դրանք արդեն շահագործվում են, Գյումրիում նույն ավտոբուսները պարզապես փչանում են կանգնած վիճակում։ Թեև Գյումրիի ավագանին 2025-ի օգոստոսին ընդունել է նվիրաբերված գույքը, դա որևէ կերպ չի արագացրել գործընթացը։ Ավելին՝ քաղաքապետարանի պաշտոնյաները պնդում են, թե ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ չկա, և պատասխանատվությունը իրենց վրա չէ։
Այսօր ավագանու արտահերթ նիստում «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանից փորձեց պարզել՝ ի՞նչն է խոչընդոտում ավտոբուսների գործարկմանը։ Պատասխանը նույնն էր՝ խնդիրը իրենց տիրույթում չէ։
Միևնույն ժամանակ, քաղաքում քննարկվում է հանրային տրանսպորտի աշխատանքային ժամերի երկարացումը։ Քաղաքապետարանում նախատեսում են հանդիպել վարորդների հետ և հնարավոր է՝ տրանսպորտի աշխատանքը երկարացնել մինչև 22։00։
Մինչ այդ, եվրոպական նվերը Գյումրիում շարունակում է անգործ մնալ։