Իշխանության ներկայացուցիչները և նրանց քարոզիչներն անընդհատ պնդում են հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդների բացառման և ուղիղ բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ դա ներկայացնելով որպես խաղաղության հասնելու միակ երաշխավորված ուղի։ Եվ իսկապես՝ առանց միջնորդների բանակցությունների մասին խոսակցություններն առաջին հայացքից հնչում են գրավիչ ու նույնիսկ ռացիոնալ, քանի որ ոչ մի միջնորդ (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ, ՌԴ կամ այլ խոշոր պետություն) չի գործում ալտրուիստական նպատակներով և միշտ հետապնդում է սեփական շահերը։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում
գրել է Լևոն Զարգարյանը:
Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ միջնորդները վերանում են ոչ թե այն պատճառով, որ կողմերը հանկարծ դարձել են ուժեղ և ինքնուրույն, այլ որովհետև վերացել է ուժերի հավասարակշռությունը, և կողմերից մեկը փաստացի պարտվել է։
Այն դեպքերում, երբ միջնորդներ չեն եղել, արդյունքը, որպես կանոն, որոշվել է ռազմի դաշտում՝ մեկ կողմի բացարձակ հաղթանակով։
Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց Գերմանիայի և Ճապոնիայի անվերապահ կապիտուլյացիայով, Առաջին համաշխարհային պատերազմը՝ Վերսալի պայմանագրով, Ֆոլքլենդյան պատերազմն՝ Արգենտինայի ռազմական պարտությամբ, Ձմեռային պատերազմում Ֆինլանդիան գնաց հարկադրված զիջումների ԽՍՀՄ-ին, Ֆրանս-պրուսական պատերազմում ջախջախվեց Ֆրանսիան, Հնդկա-պակիստանյան պատերազմի արդյունքում Պակիստանը կապիտուլացվեց, և ստեղծվեց Բանգլադեշ պետությունը։ Այս և նմանատիպ այլ դեպքերում միջնորդների բացակայությունը նշանակել է, որ պայմանները թելադրել է հաղթողը, իսկ պարտված կողմը գրեթե չի ունեցել մանևրելու հնարավորություն։
Հակառակ պատկերն ենք տեսնում այն հակամարտություններում, որտեղ ներգրավված են եղել արտաքին միջնորդներ։
Կորեական պատերազմը դադարեցվեց հրադադարի միջոցով՝ ՄԱԿ-ի և Չինաստանի մասնակցությամբ, Վիետնամի պատերազմն ավարտվեց Փարիզյան խաղաղության համաձայնագրերով, Բոսնիական պատերազմը՝ Դեյթոնի համաձայնագրերով։
Նույն օրինաչափությունն է գործել նաև հետխորհրդային տարածքում՝ Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբզախիայի և Հվ․Օսիայի, ինչպես նաև Արևելյան Ուկրաինայի հակամարտություններում առանց արտաքին դերակատարների բանակցությունները գործնականում անհնար էին։ Միջնորդությունը դառնում է անխուսափելի մեխանիզմ այնտեղ, որտեղ կա փակուղի, փոխադարձ անվստահություն և ուժով սեփական կամքը պարտադրելու անհնարինություն։ Հարկ է նշել, որ այս դեպքերում միջնորդները ոչ թե «լուծում» են հակամարտությունը, այլ ֆիքսում են հավասարակշռությունը և կանխում հետագա էսկալացիան՝ հաճախ պատերազմը բերելով սառեցված վիճակի, ինչն ինքնին կոմպրոմիս է հաղթելու անհնարինության և զիջել չցանկանալու միջև:
Հենց այդ պատճառով «միջնորդներ պետք չեն» պնդումը գործնականում նշանակում է ոչ թե ուժ, այլ հակառակը՝ հավասարակշռության անհետացում, և այստեղ ցուցադրական է հակադրությունն այն պատերազմների հետ, որտեղ միջնորդներ իսկապես չեն եղել։
Այս համատեքստում Արցախյան հակամարտությունը միակն է, որը լուծվեց բացառապես ռազմական ճանապարհով՝ անգամ միջնորդների առկայության պայմաններում։ Սակայն այն հենց դրանով էլ ուշագրավ է․ հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծման պատճառը հանդիսացել է ոչ թե միջնորդների առկայությունը կամ նրանց ոչ բավարար գործունեությունը, այլ կողմերի՝ այդ բանակցություններից դուրս գալը։
Այն դրսևորվել է առաջին հերթին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության և դրան հաջորդած բանակցային առաջարկների մերժմամբ ՀՀ կողմից, ինչը հանդիսացել է «casus belli» (պատերազմի առիթ) Ադրբեջանի համար։ Բացի այդ, հակամարտության շուրջ բանակցությունների էվոլյուցիան ևս ցուցադրական է․ մինչև 2020թ․ գործում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, 2020թ-ից հետո բանակցությունները շարունակվեցին Ռուսաստանի, ինչպես նաև ԵՄ միջնորդությամբ, ինչն արտացոլում էր նոր ձևավորված ստատուս քվոյի առկայությունը և արտաքին ճնշման անհրաժեշտությունը, սակայն 2023թ․ սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափումից հետո, երբ իրավիճակն արմատապես փոխվեց, բանակցությունները գրեթե միշտ անցնում են ուղիղ ձևաչափով։ Այս համընկնումը պատահական չէ, որովհետև պատմությունը չի ճանաչում օրինակներ, որտեղ ուժերի իրական հավասարակշռության պայմաններում կողմերը կամավոր հրաժարվեին միջնորդներից։
Հետևաբար «միջնորդներ պետք չեն, որովհետև նրանք ունեն իրենց շահերը» թեզը միայն կես ճշմարտություն է․ այո, կան միջնորդների շահեր, բայց հենց դրանք են հնարավոր դարձնում բանակցային գործընթացը փակուղու պայմաններում, մինչդեռ դրանց բացակայությունը իրականում նշանակում է բոլորովին այլ բան․
- կա՛մ կողմերի միջև առկա փոխվստահության բարձր մակարդակ,
- կա՛մ արդեն հաստատված կայուն խաղաղություն,
- կա՛մ այն, որ կողմերից մեկն այլևս ի վիճակի չէ թելադրել պայմաններ և ստիպված է դրանք ընդունել։
Հաշվի առնելով, որ առաջին 2 տարբերակները հայ-ադրբեջանական հարաբերությունների դեպքում իրատեսական չեն (որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի համոզել դրանում), միջնորդներից հրաժարումը վկայում է այն մասին, որ ուժերի հավասարակշռության խաղն ավարտվել է, և դրա արդյունքն արդեն որոշված է։
Լուսանկարում ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերն է, Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը` Քեմփ Դևիդի համաձայնագրերի ստորագրման ժամանակ։