Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 19:06 31-03-2026

Կառուցապատ քաղաք իմ Երևան․ քառակուսի մտածողությունը հանուն քառակուսի մետրերի․ մի նախկին այգու պատմություն

Կանաչ տարածքների դեմ անողոք պայքարի շրջանակներում Երևանի Դավթաշեն թաղամասում ևս գերազանցել են սեփական ռեկորդները կամ, ինչպես ասում էին առաջ, պլանը գերակատարել են։

Oragir.News-ը ներկայացնում է լուսանկարներ Դավթաշենի նախկին այգուց, որի տեղում հիմա վեր է խոյանում մի ուղղանկյուն՝ բացարձակապես անհետաքրքիր ու մռայլ, ստանդարտ ու տխուր հերթական բարձրահարկ, որ իր գոյությամբ վկայում է քառակուսի մետր վաճառելու անկասելի մոլուցքի և դրան սպասարկող պետական թույլտվության, թողտվության, քառակուսի քաղաքաշինական ռազմավարության, պետական շահութաբեր մտածելակերպի և բարեկարգ Երևանի պատկերացման թշվառության մասին։

Դավթաշենի չորս թաղամասերի խաչմերուկում այս այգին Դավթաշենի երկու այգիներից մեկն էր (միակ այգին էլ բարեկարգման անվան տակ անցյալ տարի ահագին ասֆալտապատվեց ու սրճարանապատվեց)։ Բայց հիմա նախկին այգու մասին։

Սովորաբար նման ռեպորտաժներում ներառվում են արբանյակային պատկերներ Google Earth-ից, որտեղ երևում են տարեցտարի կրճատվող կանաչ մակերեսները, տեղում փոշի տարածող փոսերը, որտեղ հետո սկսում են բարձրանալ եկամտի աղբյուր քառակուսի մետրերի հարկերը։ Մենք գերադասեցինք ներկայացնել հին նկարներ հենց այգուց, որը եզերված էր բարդիներով․ փոքրիկ ջրավազան ուներ, բացօթյա սրճարան, թութակներով, դեղձանիկներով, աղավնիներով ու սիրամարգերով հատված՝ ճաղավանդակով պատ, վարդենիներով ճեմուղիներ։ Այգին հիմա չկա․ այգու ոչ մի կանաչ կտոր չի մնացել։

Դավթաշենի բնակիչները լավ գիտեն՝ ինչ հաճախականությամբ են արտահոսում կոյուղաջրերը, քանի որ թաղամասը բնակեցման այս ծավալների համար ի սկզբանե հաշվարկված չի եղել, բայց շենքերը շարունակում են բարձրանալ ու բարձրանալ։ Գիտեն նաև, որ փողոցի մյուս ծայրին կիսադատարկ են մնում այլ նորակառույցներ, իսկ ծանրաբեռնված կենտրոնական փողոցը օրվա տարբեր ժամերի լինում է շատ դանդաղընթաց։

Այս նոր բարձրահարկը, որ մեր աչքերի առաջ այգու տեղում սկսեց աճել 2020-ի պատերազմից հետո, բնականաբար, բազմապատկելու է այդ կոյուղաջրերի, կայանատեղիների, տրամսպորտի խնդիրները։

Շենքն արդեն զավթել է նաև փողոցի մի մասը․ ինչպես երևում է լուսանկարներում, շենքի պատը կանգնած է ուղիղ մայթի վրա, մայթից մնացել է քանդուքարափ նեղլիկ արահետ․ եթե դիմացդ դուրս գա մի թմբլիկ մարդ, պիտի կողք քաշվես, որովհետև երկու հոգով չեք կարող անցնել դեպի խաչմերուկ այս հատվածով (եթե դու ես վերոհիշյալ մարմնեղ անհատականությունը, խնդրանքս՝ փողոցով անցիր, եղբայր)։ Այս օրերին, երբ շինարարությունը հենց այդ հատվածում է, փողոցով են անցնում բոլորը, այլընտրանք չկա։

Խաչմերուկին չհասած, կարծես, մի փոքր լայնանում է դեպի շենք տանող հարթակը․ էլի շնորհակալություն, որ շենքն իր անկյունով չի մխրճվել փողոցի մեջ, և լիովի՛ն չի փակել խաչմերուկին մոտեցող վարորդների տեսադաշտը։

Ես այս այգու համար առաջին անգամ Քաղաքապետարանին եմ դիմել դեռ 2012-ին․ այդ ժամանակ նոր նկատվում էր այգեպանի անտարբերությունն ու լրագրողի հին վիճակագրական հոտառությամբ զգացվում էր, որ շուտով այգին ավիրելու են։ Ինձ հաղորդեցին, որ տարածքը սեփականատեր ունի, և նրա հետ Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում։ Հետո այգու դռներն ընդմիշտ փակվեցին, հետո մուտքի մոտ փակցվեց հինգ հարկանի շինության պաստառ (մանկական զարգացման կենտրոն պիտի լիներ), բայց շինարարությունը չէր մեկնարկում, թերևս, վերջնական համաձայնության չէին գալիս։ Հետո տարիներ շարունակ փակ դռների հետևում, այգու տեղում մնաց մի մեծ փոս (վկայում էր «բանակցությունների» մասին)։ Եվ ահա, «թավշյա» փոփոխություններից հետո քաղաքը քաղաքացուն վերադարձնելու ծրագրի շրջանակում այստեղ էլ տնկվեց այս բարձրահարկը։

Եվ, ամենայն հավանականությամբ, շաբաթներ անց (համենայն դեպս, հաստատ մինչև ընտրությունները) քաղաքացուն կվերադարձվի մի ոտատեղանոց բարեկարգ մայթ։ Թերևս պիտի շնորհակալ լինենք և որպես երախտապարտ քաղաքացի՝ կրկին մեր ձայնը տանք․․․

Հ․Գ․ Եթե քաղաքապետարանից կամ թաղապետարանից կկամենան թաղամասի կանաչ տարածքների ու դատավարությունների բովով անցած կառուցապատման (կառույցներով ամեն մետրը պատելու) մասին զրուցել, սիրով կհյուրընկալենք նրանց արդեն վերոհիշյալ արբանյակային պատկերներով և այլ անհետաքրքիր տվյալներով քննարկման։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը

Ձեզ գուցե հետաքրքրի