Ուղիղ եթեր
Միտք 2 ամիս առաջ - 16:00 31-03-2026

Կալանավոր ունեցող ողջամիտ քաղաքացին Փաշինյանին չի ընտրի

Ընդունված հին կարգ է, որ իշխանափոխությունից հետո համաներում է տեղի ունենում։ Ոմանք այստեղ քաղաքական բաղադրիչ են տեսնում։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է մեծ համաներում հայտարարել իշխանության գալու դեպքում։ «Մեծ համաներումը մեր ծրագրային դրույթն է։ Բայց համաներումը քիչ է։ Պետք է հասկանանք, թե ինչպես եղավ, որ ամբողջ համակարգը սկսեց դակել քաղաքական բաղադրիչ ունեցող քրեական գործեր»,- գրել է նա իր էջում։

Ի տարբեություն Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանը դեմ է համաներմանը։ Ինչո՞ւ է համաներումով ազատ արձակված Փաշինյանը կտրականապես հրաժարվում համաներում անցկացնել։ Վախենո՞ւմ է, որ ինչ-որ մեկն այդ ճանապարհով կկարողանա իշխանության գալ, թե՞ միտումնավոր ուժեղացնում է մրցակիցներին։

Խորհրդային բռնազավթման տարիներին, Իոսիֆ Ստալինի մահից հետո մեծ համաներում է եղել։ Քաղբանտարկյալների մեծ մասն ազատ է արձակվել։ Պաշտոնական տվյալներով՝ 1949-ի հունիսի 14-ին Ստալինի՝ «Դավաճան ժողովուրդների մասին» հրամանով Հայաստանից աքսորվել է 13 հազար հոգի։ Դրանց մեծ մասը Ստալինի մահից հետո համաներմամբ ազատ է արձակվել։ Մեծ համաներում է եղել նաև Բրեժնևի մահից հետո։ Սառը պատերազմի ավարտին ևս մեծ համաներում է եղել, քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։ Այսինքն՝ համաներումը նախևառաջ քաղաքական որոշում է, անկախ այն բանից, թե արդյունքում քանի հոգի և ովքեր են ազատ արձակվում։

Սերժ Սարգսյանի օրոք մի քանի համաներում է եղել, որոնց արդյունքում ազատ են արձակվել ոչ միայն քաղբանտարկյալներն, այլև բազմաթիվ այլ դատապարտյալներ, կալանավորներ։ Դրանք նույնպես քաղաքական որոշումներ էին, ցույց էին տալիս, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, մարդասեր, եվրաինտեգրման իրական ջատագով։ Համաներմամբ ազատ է արձակվել նաև Մարտի 1-ի գործով դատված Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար՝ նա լավ գիտի, թե ի՞նչ է համաներումն, ի՞նչ նշանակություն ունի այն մարդու, ընտանիքի, հասարակության, ներքին խաղաղության համար։

Մի քանի օրից ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Մեր Տերը խաչի վրա դրախտ խոստացավ իր հետ միաժամանակ խաչվող ավազակին, որը հարգանքով էր արտահայտվել Աստծո և Հիսուսի մասին։ «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»,- ասել էր Հիսուսը խաչի վրա։

Փաշինյանը, որպես նվիրյալ քրիստոնյա, կարող է Սուրբ Զատկի առթիվ մարդասիրական խիզախություն դրսևորել ու համաներում հայտարարել, ազատ արձակելով դատապարտյալների մի մասին, մեղմելով մյուսների պատժաչափերը։ Այս մարդասիրական քայլը կմիավորի հասարակությունը, մարդիկ կհամոզվեն, որ Փաշինյանը ոչ միայն սրտիկ ցույց տալով ձևացնում է, թե սիրում է մարդկանց, այլև իրոք սիրում է, մարդասիրաբար ազատ արձակում կալանավորների մեծ մասին, ուրախություն պատճառելով նրանց ընտանիքներին, երեխաներին։

Լավատեսական հույս կա, որ Փաշինյանը կարող է գերազանցել ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև արքոնտ Սոլոնին։ Հիշենք՝ Ք.ա. 6-րդ դարում Աթենքի արքոնտ Սոլոնն, ի սեր Ազատության, վերացրեց պարտային ստրկությունը որպես պատժի ձև։ Սա հիրավի հեղափոխական որոշում էր, ստրկատիրական հասարակարգի փլուզման առաջին իրավական քայլն էր։ Այն իրապես նպաստել է մարդկության առաջընթացին։ Այս առումով՝ Փաշինյանը որպես իսկական հեղափոխական, որպես Ազատություն արժեքի հավատավոր ջատագով, որպես ազատական կուսակցության առաջնորդ, կարող է այսուհետև վերացնել ազատազրկումը որպես պատժի ձև, դատարկելով բանտերը, դատապարտյալների մեծ մասին պայմանական ազատ արձակելով։ Այս մարդասիրական քայլով ոչ միայն կապացուցի, որ ԵՄ չափանիշների ենք ձգտում, այլև իրապես կնպաստի մարդկության առաջընթացին։

Նշենք, որ այսօր արդեն կան երկրներ, որտեղ բանտեր չկան։ Նկատենք նաև, որ մեր երկրում դատապարտյալների մի մասը բանտերում է դառնում քրեական ենթամշակույթի կրող։ Ու եթե փակվեն բանտերն, ապա մեծ առաջընթաց կգրանցվի նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարում։

Հանրության մի մասը, սակայն, այս լավատեսությունը չի կիսում։ Մարդիկ կարծում են, թե Փաշինյանը ոչ միայն շնորհակալ չէ, որ համաներմամբ ազատվել է, այլև մտավախություն ունի, որ եթե համաներում կիրառի, ապա ազատվածների մեջ կգտնվի իր նման մեկը, որը թավշյա, ոչ բռնի հեղափոխություն կանի։ Թերևս՝ այսպես է բացատրվում նրա համառությունն ու վախը համաներում չանելու հարցում։

Կարճ ասած՝ Փաշինյանի համառությունը համաներում չկիրառելու հարցում իրապես բարձրացնում է մրցակիցների վարկանիշը, որոնք խոստանում են առաջին հերթին համաներում անել։ Այս պարագայում կալանավոր ունեցող ողջամիտ քաղաքացին Փաշինյանին չի ընտրի։ Եվ չի բացառվում, որ նրա այս համառության արդյունքում ՔՊ-ն կպարտվի հունիսի 7-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին