Ներքին 2 ամիս առաջ - 13:39 31-03-2026

Իշխանությունը չի հարգում լրատվամիջոցներին. փորձում է փակել մեր բերանը, դարձնել ավելի կաշկանդված, քան նախկինում. Արմինե Օհանյան

«Հայաստանում մամուլի ազատությունը մշտապես եղել է ճնշումների տակ, բայց այսօր դրանք ավելի համակարգված ու բազմաշերտ են դարձել»,- այս մասին րագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Նրա խոսքով՝ տարբեր ժամանակահատվածներում իշխանությունների կողմից ճնշումները միշտ առկա են եղել, սակայն դրանց բնույթը փոխվել է․

«Ես ավելի քան 30 տարի լրագրության մեջ եմ և կարող եմ ասել՝ միշտ էլ եղել են ճնշումներ։ Պարզապես տարբեր փուլերում դրանք տարբեր ձևերով են դրսևորվել։ Բայց որ քաղհասարակությունից, մամուլից եկած իշխանությունը կարող էր այսպիսի մեթոդներ կիրառել, 2018 թվականին դժվար էր պատկերացնել»։

Խմբագրի խոսքով՝ սպասումները բոլորովին այլ էին․

«Թվում էր՝ նախկին լրագրողներից, խմբագիրներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից ձևավորված իշխանությունը պետք է ավելի բարենպաստ միջավայր ստեղծեր մամուլի համար։ Պետք է մեզ համար աշխատանքը հեշտանար, նույնիսկ՝ որոշ առումով արտոնյալ պայմաններ ստեղծվեին, որովհետև իրենք իրենց մաշկի վրա զգացել էին ճնշումները»։

Սակայն, նրա գնահատմամբ, իրականությունը հակառակն է եղել․

«2018-ից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ ցույց են տալիս, որ այս իշխանությունը չունի հարգանք լրատվամիջոցների նկատմամբ և չի գիտակցում դրանց դերը։

Ընդհակառակը՝ անընդհատ փորձում է սահմանափակել մեր աշխատանքը, փակել մեր բերանը, մեզ ավելի կաշկանդված դարձնել, քան նախկինում»։

Խոսելով կոնկրետ դեպքերի մասին՝ նա նշեց, որ իրենց լրատվամիջոցի նկատմամբ ճնշումները սկսվել են հենց իշխանափոխությունից հետո․ «Դրանք սկսվեցին դեռ 2018-ի օգոստոսին, երբ կոչեր էին հնչում՝ չկարդալ «Հրապարակ»։ Սկզբում դրանք մեղմ էին, բայց հետո տարբեր ձևեր ստացան և խորացան»։

Այսօր, նրա խոսքով, իրավիճակը շատ ավելի լուրջ է․ «Ունենք անընդհատ դատական հայցեր, լրագրողների հավատարմագրումից զրկելու դեպքեր, ֆիզիկական և հոգեբանական բռնություններ, քրեական գործերի հարուցման փորձեր։ Նույնիսկ ունենք դեպքեր, երբ ազատ խոսքի համար մարդիկ հայտնվում են բանտում»։

Նա ընդգծում է նաև ֆինանսական ճնշումների մեխանիզմը․ «Քաղաքացիական հայցերով լրատվամիջոցների նկատմամբ նշանակվում են միլիոնների տուգանքներ, ինչը լուրջ հարված է հատկապես փոքր լրատվամիջոցների համար»։

Խմբագրի խոսքով՝ կա նաև կազմակերպված թիրախավորում․ «ՔՊ որոշ ներկայացուցիչներ գրեթե ամեն օր թիրախավորում են լրատվամիջոցներին, գրում են նրանց դեմ, տարածում ատելության խոսք, պահանջում հաշվետվություններ՝ ֆինանսների վերաբերյալ։ Սա ընդհանուր ճնշման մթնոլորտ է ստեղծում»։

Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի դեմ ընթացող դատական գործընթացներին՝ նա նշեց․

«Մենք միշտ ունեցել ենք դատական վեճեր և շատ դեպքերում հաղթել ենք, նույնիսկ նախկինում, երբ դատարանները համարվում էին կախյալ։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է»։

Նա կարևորում է հատկապես այն փաստը, որ դատական հայց ներկայացնողը երկրի ղեկավարն է․ «Եթե նախկինում մեզ դատի էին տալիս միջին օղակի պաշտոնյաներ, հիմա արդեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկրի ղեկավարը անձամբ դիմում է դատարան լրատվամիջոցի դեմ»։

Խոսքը վերաբերում է կոնկրետ հրապարակման․ «Դա հրապարակախոսական նյութ էր՝ հարցադրումների ձևով, որտեղ ընդամենը անդրադարձ էր արվել նույն ոճով՝ ինչպես ինքը նախկինում էր արտահայտվել։ Սակայն այդ հրապարակումը, փաստորեն, խիստ արձագանք առաջացրեց, և նույն օրը հայտարարվեց դատարան դիմելու մասին»։

Նրա խոսքով՝ ներկայացվել է ֆինանսական պահանջ․ «Դիմել են դատարան՝ պահանջելով 1 միլիոն դրամ, նաև փաստաբանական ծախսերի փոխհատուցում»։ Մոտ կես տարի տևած դատավարությունից հետո արդեն կա որոշում․ «Հաշվի առնելով, որ մի կողմում երկրի ղեկավարն է, մյուս կողմում՝ փոքր լրատվամիջոց, ես կարող եմ ասել, որ առաջին ատյանի որոշումը, ըստ էության, մեր օգտին է»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան