Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 19:46 21-03-2026

Ալիևը «պայթեցրեց» ուրախ ավտոբուսը՝ ասելով՝ չի կրակում, որ օրվա իշխանությունը վերարտադրվի․ Թևանյան

Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ
———————————
Օրվա իշխանավորը վախեցնում է, որ եթե ինքը չվերարտադրվի, ապա կլինի պատերազմ: Ճիշտ հակառակը՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, ապա կլինի պատերազմ, պարտություն, կորուստներ:

Խաղաղության թեմայով սրանք վախ են տարածում ու շոու անում։

• Պատերազմի ագռավները խաղաղության աղավնու կերպարի մեջ են մտել:

• Հայաստանը դարձրել են դոշի «բրոշկա» ու Ալիևի անվան խաղաղություն են քարոզում:

• Ալիևը «պայթեցրեց» ուրախ ավտոբուսը՝ հայ ժողովրդին անկեղծորեն ասելով, որ հիմա չի կրակում, որպեսզի Հայաստանի օրվա իշխանությանը օգնի վերարտադրվել, որից հետո մեր երկրի տարածքային ամբողջականությունը կարող է չճանաչել:

Ոչ թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, այլ ճիշտ հակառակը՝ անվտանգության ապահովումն է բերում խաղաղության:

Մեր պատկերացրած երաշխավորված խաղաղությունը հետևյալ բաղադրիչների վրա է հիմնված՝
1․Հայկական բանակի վերականգնում և պրոֆեսիոնալ զինված ուժերի ձևավորում
Մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր և թիվ մեկ բաղադրիչը հայկական բանակն է:
-Առաջիկա 5 տարում Հայաստանի բանակը կհամալրվի ժամանակակից զինանոցով, կզարգացնենք տեղական ռազմարդյունաբերությունը,
-բանակի սպայական կազմը պետք է համալրվի բարձրակարգ կադրերով, իսկ նրանց կենցաղային պայմանները կդրվեն որակապես նոր հիմքի վրա՝ սոցիալական երաշխիքներով,
-բանակի պրոֆեսիոնալ մասը կավելացվի երկարաժամկետ պայմանագրերի կնքումով. սահմանների պաշտպանությունը կդրվի պրոֆեսիոնալ կադրերի վրա,
-18 տարեկան զորակոչիկները չպետք է ծառայությունն անցկացնեն երկրի սահմաններում և այլ վտանգավոր դիրքերում․ բանակը զորակոչիկի համար կդառնա ռազմական արվեստ ուսանելու, կրթվելու վայր,
-հինգ տարվա ընթացքում մենք նորովի կվերափոխենք մեր բանակը, կմաքրենք պարտվածի խարանը և այն կրկին կդարձնենք տարածաշրջանի ամենակայացած բանակներից մեկը, ինչը խաղաղության երաշխիք կդառնա:
2․ Բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում
Ժամանակակից աշխարհում առանց դաշնակիցների ոչ մի երկիր չի կարող ապահովել իր անվտանգությունը: Առավել ևս մեր տարածաշրջանում չունենալ ռազմավարական բնույթի դաշնակցային հարաբերություններ Հայաստանն իրեն թույլ չի կարող տալ:
Դաշնակիցները 100 տոկոսով երաշխավոր չեն, բայց շատ ավելի բարձր մակարդակի երաշխիքներ կարող են ապահովել, քան Ալիևի տված երաշխիքն է:
Մեր անելիքներն են՝
-վերականգնել մեր բնական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ այն դարձնելով վստահելի,
-լիարժեքորեն վերականգնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ի հետ․ մեր հանրությունը բազմաթիվ հարցեր ունի Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ կապված և մենք այդ հարցերը բարձրաձայնում և բարձրացնելու ենք, բայց ոչ թե դրսից թելադրվող թշնամանք տարածելու, Ռուսաստանի ու մյուսների հետ հակադրվելու, այլ դաշնակցային հարաբերությունները փոխվստահելի և ընդունելի դարձնելու համար,
-Իրանի հետ պետք է վերականգնել մեր վստահելի հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ չներգրավվելով Իրանի շուրջ առկա հակամարտության մեջ և պահպանելով այս հարցում ակտիվ չեզոքություն,
-կառուցել կոմունիկացիոն խաչմերուկ և զարգացնել ենթակառուցվածքները (հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք):
3․ Հստակություն մտցնել հայ-ադրբեջանական հարաբերություններում
Ով չի ցավում Արցախի կորստի համար, նա սիրտ ու հոգի չունի և, մեծ հաշվով, հայ չէ: Իսկ ով ասում է, որ իշխանափոխությունից հետո անմիջապես հետ կբերենք Արցախը, նա խելք չունի կամ արկածախնդիր է:

Հաշվի առնելով մեր և Ադրբեջանի ժողովուրդների անցած պատմությունը՝ երկու երկրների միջև խաղաղ գործընթացը պետք է կրի երկկողմանի երաշխավորված բնույթ: Իսկ դա հնարավոր չէ կյանքի կոչել առանց միջնորդ-ինստիտուտի և երաշխավորի/երաշխավորների:
• Առաջիկա 5 տարում Ադրբեջանի հետ պետք է իրականացնել ամբողջական սահմանազատում և սահմանագծում՝ սովետական գլխավոր շտաբի քարտեզներով, այլ ոչ թե Ադրբեջանի քմահաճությամբ:
• Հայ գերիների վերադարձը վստահության ու խաղաղ գործընթացի կարևոր մաս է:
• Արցախահայության վերադարձի իրավունքը և նրանց միջազգայնորեն պաշտպանվող սոցիալական իրավունքները կլինեն մեր օրակարգում և կյանքի կկոչվեն:
• Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ներքին գործերին չպետք է խառնվեն, այդ թվում՝ Սահմանադրություն փոխելու պահանջով:
4․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում
Դրանք պետք է առավելագույնս տարանջատվեն հայ-ադրբեջանականից։

Մենք կողմ ենք կոմունիկացիաների ապաշրջափակմանը և միջպետական հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների»: