«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- մարտի 20-ին այս մասին լրագրողների հետ զրույցում
ասել էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը:
«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանը՝
Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, նկատեց․
«Ազգային անվտանգության մարմինը պետք է կենտրոնանա իր հիմնական գործառույթների վրա։ Ազգային անվտանգության ծառայությունը նախկինում կոչվել է Պետական անվտանգության կոմիտե, որի հիմնական առաքելությունը պետության անվտանգության ապահովումն էր՝ արտաքին հետախուզության իրականացումը, արտաքին վտանգների գնահատումն ու համապատասխան միջոցների ձեռնարկումը։
ԱԱԾ-ն իրավունք չունի իր քիթը խոթելու եկեղեցականների գործերի մեջ։ Խորհրդային Միությունը 1991 թվականից այլևս գոյություն չունի։
Ի՞նչ է նշանակում այսօր խոսել ԿԳԲ-ի գործակալների մասին, երբ այդ կառույցը վաղուց չկա»։
Բազեյանի խոսքով՝ քանի որ «նիկոլականները» պայքարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, նրանք փորձում են հեղինակազրկել նաև Վեհափառի եղբորը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց վերջին շրջանում մի շարք հոգևորականների կալանավորման, Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, նաև այն փաստը, որ եպիսկոպոսները չեն կարողացել ֆիզիկապես մասնակցել փետրվարի կեսերին Ավստրիայում կայացած ժողովին։
«Նիկոլը հայտարարեց՝ ցանկանում են Կաթողիկոսությունը և Սբ․ Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս բերել։ Նիկոլը նաև հայտարարել է, որ եկեղեցին թուլացած է։ Նիկոլը Եվրոպական խորհրդարանում, իր ելույթում, վարկաբեկեց Հայ առաքելական եկեղեցին, հայտարարեց, որ նրա որոշ ներկայացուցիչներ ԿԳԲ-ի գործակալներ են, որ իբր նրանք Հայաստանում ցանկանում են իրականացնել հեղաշրջում։ Նա գնացել է մեր պետության մասին բամբասում է օտարների մոտ։ Նիկոլը նաև հայտարարել է, որ երբ պատարագ են անում, Արցախ բառն են օգտագործում, դա պատերազմի կոչ է։ Այսինքն՝ «Արցախ» բառը մենք իրավունք չունենք օգտագործելու, որովհետև, ըստ իրենց, Արցախը, դա Ղարաբաղ է, իսկ Ղարաբաղը՝ թուրքինն է»,- ասաց նա։
Ալբերտ Բազեյանը հավելեց, որ որևէ իշխանություն հավերժ չէ։
«Այս տարիներին ոտնահարվել են ազգային արժեքները, և մենք մեզ նսեմացած ենք զգում միջազգային հարթակներում ներկայացվածության առումով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։