«Դատարանի ապօրինի որոշմամբ նիստեր են կայանում, դատարանի կողմից ակնհայտ սխալ ակտեր են կայացնում և անարդար վճիռներ՝ աբսուրդային ժանրից։ Ես 8 տարի պայքարում եմ մի հանցագործ կազմակերպության դեմ, որին հովանավորում և աջակցում է գործող Կառավարությունը, և այս մարդիկ ամեն գնով փորձում են ինձ լռեցնել։ Կեղծ բժշկական փաստաթղթերով, ակնհայտ սխալ բժշկական ախտորոշումներով ինձ տեղավորել են հոգեբուժարանում՝ իրենց այս քայլը մեկնաբանելով, որ վտանգ եմ ներկայացնում հասարակության համար»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Սևանի բնակիչ Նարեկ Սողոմոնյանը՝ պնդելով, որ իրեն ապօրինի կերպով են պահում հոգեբուժարանում։
Քաղաքացու խոսքով՝ գոյություն ունի հանցավոր խումբ, որն անչափահաս երեխաներին օգտագործում է տարբեր մարդկանց հետ կապ հաստատելու, նրանցից անձնական կամ վարկաբեկող տեսանյութեր ստանալու և հետո շանտաժի ենթարկելու համար։ Նա նշում է, որ փորձել են նաև իրեն ներքաշել այդ սխեմաների մեջ՝ կեղծ հարաբերությունների և գաղտնի նկարահանումների միջոցով, սակայն ինքը ժամանակին բացահայտել է դա։ Դրանից հետո, ըստ նրա, սկսվել են ճնշումները՝ իրեն լռեցնելու նպատակով։
«Մի տղա՝ Արամ Բադալյան անունով, կեղծ ընկերական հարաբերություններով փորձել է մտնել իմ կյանք, ստեղծել կեղծ սիրային կապ, նույնիսկ եկել է իմ տուն և փորձել գաղտնի նկարահանել ինձ։ Այս ամենն արվում է, որպեսզի մարդկանց վրա հետո ավելի ծանր մեղադրանքներ դնեն։ Այս գործողությունները կազմակերպված են, և նույնիսկ որոշ իրավապահ մարմիններ են ներգրավված այս ամեն մեջ»,- վստահեցնում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ 2018 թվականի մայիսի 10-ին վերոնշյալի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, նույն օրը քննիչն իրեն սպառնում է՝ եթե բողոքը հետ չվերցնի, իր վրա կեղծ գործ կսարքեն։ Այդ պատճառով ժամանակավորապես մեկնել է երկրից, հավաքել ապացույցներ և վերադարձել, սակայն գործը, իր խոսքով, փակվել է ճնշումների տակ։
«Դրանից հետո սկսվել է երկարատև հետապնդում, հանցագործների խումբը հրկիզել է իրենց մեքենան, ծեծել մորը, դանակահարել եղբորը, հարձակվել իր վրա՝ անընդհատ սպառնալով իրեն»,- շարունակում է նա՝ պատմելով, որ այս տարիների ընթացքում ինքն իր ընտանիքի հետ միասին ավելի քան 1000 հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Ներքին գործերի նախարարություն, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն այդ կառույցները կա՛մ ընթացք չեն տվել գործերին, կա՛մ տվել են անտրամաբանական պատասխաններ։
Քաղաքացու խոսքով՝ իր ընտանիքի նկատմամբ հանցանք գործած անձը ազատության մեջ է և պատասխանտվության չի ենթարկվել։ «Նույնիսկ մեր մեքենայի հրկիզման դեպքի վայրում զննություն չեն իրականացրել Սևանի բաժնի աշխատակիցները։ Բացարձակ ընթացք չի տրվել, փոխարենը քննիչները միայն շարունակական սպառնալիքներ են հնչեցրել իմ հասցեին, եթե բողոքներս հետ չվերցնեմ։ Եվ ամբողջ այս ճնշումը կապված է հենց 2018 թվականի դեպքի հետ, որի վերաբերյալ փորձում եմ արդարություն գտնել»,- պատմում է նա։
Նարեկ Սողոմոնյանը նշում է, որ երկու անգամ է ազատազրկվել՝ առաջին անգամ՝ ավելի քան մեկ տարի, իսկ երկրորդ անգամ՝ արդեն 8 ամիս։ Իրեն առաջադրված մեղադրանքը վերաբերում է այն անձի վրա մարմնական վնասվածք հասցնելուն, որը հանցանք է գործել նրա ընտանիքի նկատմամբ, սակայն նա պնդում է, որ դա տեղի է ունեցել ինքնապաշտպանության ընթացքում։
«2025-ին դատական նիստ է տեղի ունեցել առանց իր մասնակցության, և իմ ընտանիքին առաջարկել են ընդունել իր վրա դրված կեղծ մեղադրանքը, որպեսզի գործը փակվի և հետապնդումը դադարեցվի»,- ասաց նա։
Քաղաքացի Սողոմոնյանն այժմ գտնվում է հոգեբուժարանում։
Քաղաքացին
Oragir.News-ին հայտնեց, որ բժիշկները նույնպես գտնվում են ճնշումների տակ նույն հանցավոր խմբի կողմից։
Oragir.News-ը Նարեկ Սողոմոնյանի պնդումների վերաբերյալ Սևանի հոգեբուժարանից փորձեց պարզաբանումներ ստանալ, սակայն մեզ փոխանցեցին, որ կարող են խոսել միայն այն բանից հետո, երբ Առողջապահության նախարարությունը թույլ կտա։ Առողջապահության նախարարությունից սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Եթե այս հրապարակումից հետո Սևանի հոգեբուժարանից պարզաբանումներ ներակայացնելու ցանկություն հայտնեն, ապա Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել դրանք։