Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:19 20-03-2026

Մեր ընտրությունը լինելու է՝ Հայաստան, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»․ Անդրանիկ Թևանյան

Առաջիկա ընտրությունները, որոնք նախատեսված են հունիսի 7-ին, ունեն վճռորոշ նշանակություն Հայաստանի համար․ այս մասին այսօր «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական առաջարկների ներկայացման ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով «Մայր Հայաստան» կուսակցության ծրագրային մոտեցումները։

Նրա խոսքով՝ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ «Ինչպես գիտեք, հունիսի 7-ին սպասվում են ճակատագրական ընտրություններ, և Մայր Հայաստան կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով»,– նշել է նա։

Թևանյանը նաև անդրադարձել է անվտանգային իրավիճակին՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով։ «Ալիևը և տեղական նշանակության Ալիևը համատեղ ահաբեկչական գործունեություն են իրականացնում հայ ժողովրդի դեմ»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ երկրի ներսում ձևավորվել է իրավիճակ, որտեղ ընտրությունը, իր ձևակերպմամբ, վերածվել է արժեքային հակադրության։

Նա ընդգծել է, որ ընտրողները կանգնած են հստակ ընտրության առաջ։ «Մեր ընտրությունը լինելու է Հայաստանի Հանրապետություն, թե՞ «Արևմտյան Ադրբեջան», արժանապատվությո՞ւն, թե՞ նվաստացում»,– ասել է Թևանյանը։

Քաղաքական գործիչը ներկայացրել է նաև իր առաջարկած «երաշխավորված խաղաղության» հայեցակարգը՝ նշելով, որ այն պետք է հիմնված լինի անվտանգության ամրապնդման վրա։ Նրա խոսքով՝ առաջնային ուղղություններից է բանակի վերականգնումը և պրոֆեսիոնալացումը։

«Մեր պատկերացրած երաշխավորված խաղաղությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի, և մենք ասում ենք, որ ոչ թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, այլ ճիշտ հակառակը՝ անվտանգային համակարգ ապահովելով է հնարավոր հասնել խաղաղության»,– նշել է նա։

Թևանյանը հավելել է, որ նախատեսվում է զարգացնել տեղական ռազմարդյունաբերությունը, համալրել բանակը ժամանակակից զինանոցով և բարձրացնել սպայական կազմի որակը։