Oragir.News-ը ներկայացնում է մարտի 19-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Oragir.News-ն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ չի պատրաստվո՞ւմ ինքն էլ մի դիմում գրի և հեռանա, քանի որ եթե ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելը սադրիչ քայլ էր, ապա ինքն էլ 2019 թվականին Ռուսաստանի նախագահին նվիրել է ԵԱՀԿ ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Խաղաղություն Ղարաբաղին» աշխատությունը և ըստ էության պատերազմ սադրել։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ինքը 2 անգամ՝ 2018 և 2021 թվականներին հրաժարական տվել է։ «Այդ հրաժարականի արդյունքում հրավիրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձեր ասած իրադրությունները դրվել են ժողովրդի դատին և ժողովուրդը իր որոշումը կայացրել է։ Ինչ վերաբերվում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի հետ կապված իրադրությանը, ամենայն հարգանքով, բայց ես էլի արձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին արտաքին քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը պատմական էր, քանի որ առաջին անգամ է Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան եկել։ Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան էր այցելել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ, մինչդեռ գիրքը, որը նրան նվիրել էր Էդիտա Գզոյանը, կոչվում է Արցախյան հիմնահարց․ «Դա կոնֆլիկտի մասին է, այսինքն խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք, որ գիտեք ինչ, այդ խաղաղություն և այլն, և այլն՝ ասեցինք, խոսեցինք, բայց այնուամենայնիվ, հիմնահարցը տեղում է, կոնֆլիկտը տեղում է»,- ասաց Կառավարության ղեկավարը, ապա՝ հավելեց․ «Այո, ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում և յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինքը իրեն հաշիվ տա, որ կառավարության վարած քաղաքականություններին և որոշումներին հակասող գործողություն չի կարող անել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է»։
Փաշինանը նաև պնդեց, որ Հայաստանում գործող որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով: «Պատերազմի կուսակցությունն ամեն օրվա հետ դառնում է ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և շրջանակները ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը․ սա շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է ՀՀ-ի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»,- հայտարարեց նա՝ պարզաբանելով, թե «պատերազմի կուսակցություններ» ասելով ինչ է նկատի ունեցել։ Փաշինյանը պնդեց, որ նրանցից ոմանք չեն էլ հասկանում՝ ինչ են ասում․ «Այն տեքստերը, որ ասում են, ուրիշ տեղ են գրված, և իրենք կարդացողի կարգավիճակում են։ Առավել ևս իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է ՀՀ-ում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնեն»: Փաշինյանը նաև ընդգծեց՝ իր հայտարարությունից հետո ավելի են ահագնացել այդ դրսևորումները: «Բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած՝ մաքսիմալ աշնանը»,-ասաց նա և նշեց, որ եթե անհրաժեշտ է, անուններ էլ կարող է տալ»,- նկատեց նա։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, չեն համապատասխանում դատարանի, քննիչի, ինչպես նաև պրոբացիոն ծառայության դիրքորոշումներին։ Այս մասին ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ «Մինչ օրս պրոբացիայի ծառայությունը գրավոր պատասխանով ինձ չի տրամադրել այն ձևակերպումները, որոնք հնչեցրել է գործադիր իշխանության ղեկավարը։ Ես իսկապես կզարմանամ, որ պրոբացիայի ծառայությունը ընդհանրապես կարողանա նման դիրքորոշում ներկայացնել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա է դեռևս 2025 թ. հունիսի 18–ի որոշումը, որը մինչ օրս պահպանվել է։ Ըստ այդ որոշման` կա հաղորդակցման սահմանափակում՝ բացառությամբ մերձավոր ազգականների և իր պաշտպանների»,– ընդգծեց փաստաբանը` ավելացնելով, որ Կարապետյանը մինչ օրս նույնիսկ իր եղբորորդուն չի կարողացել հանդիպել։ Նա ընդգծեց, որ այդ հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։ Վարդևանյանի պնդմամբ՝ եթե փաստաբանական թիմը հավատար, օրինակ, Փաշինյանի խոսքերին, և Կարապետյանը տեսաուղերձ հրապարակեր, դրան կհետևեր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին ընտրելու միջնորդությունը։
Երևանում ծեծի ենթարկված ու հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնել է Անահիտ Ավանեսյանը: Նրա փոխանցմամբ՝ կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ Ըստ Գլխավոր դատախազության՝ փոքրիկ տղային մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեխայի հոր երկրորդ կինն է մեղադրյալը։ Նա երեկ կալանավորվել է: Նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին էր մայրը թողել փոքրիկին, որ վարձով տուն ճարի։ Փոքրիկի մոր հետ «Ազատությունը» ողբերգության օրն էր խոսել։ Ասել էր՝ այդ զուգընկերուհին իր ընկերուհին է, չի հավատում, որ այդպիսի բան եղած լինի։ Ընդամենը մեկ տարեկան ու երկու ամսական երեխային ուրիշների մոտ թողնելը բացատրել էր կացարան փնտրելու ցանկությամբ։ Կնոջ չորս երեխաներից երկուսը խնամքի հաստատությունում են:
Մանրամասները՝ տեսանյութում: