Ի՞նչ է անում մարդը, երբ նրա տանը լույսն ու ջուրն անջատում են։ Մարդը տանից դուրս է գալիս, գնում հարազատի տուն կամ հանրային վայր, որտեղ կա լույս ու ջուր։
Մարտի 15-ից մոտ 24 ժամ հոսանքազրկված է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը, ջրամատակարարումը նույնպես խափանվել էր։ Առաջին նախագահը տևական ժամանակ մնացել էր առանց լույս ու ջուր, բնականաբար՝ անհարմարություն ու խնդիրներ ունենալով։ Հանրային խոսույթում ասեկոսե է շրջանառվում, որ սա միտումնավոր է արվել։
Արդյո՞ք այստեղ միտում կա։ Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը միտումնավոր անջատեր Լևոն Տեր-Պետրոսյանի լույսն ու ջուրը։
Oragir.News-ի
հարցման մասնակիցների մի մասը նշել է, որ թող Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հիշի մութ ու ցուրտ տարիները։ Սա վկայում է, որ հանրության շրջանում նրա անունը վատ ասոցիացիա է առաջանցում, նա բարձր բացասական վարկանիշ ունի։ Այս առումով ենթադրելի է, որ նրա լույսն ու ջուրն անջատել են, որ մարդկանց մոտ թամացնեն նրա անվան հետ կապված վատ հիշողությունները, բարձրացնեն նրա բացասական վարկանիշը։
Չնայած՝ ՀԷՑ-ն անցել է ՔՊ-ի վերահսկողության տակ, սակայն օղակներում մնացել են հին աշխատողներ, որոնք ենթադրաբար՝ կապեր են պահպանում նախկին ղեկավարության հետ։
Այսինքն՝ հիմա էլ ՀԷՑ ասելով, շատերն իներցիայով նկատի են ունենում Սամվել Կարապետյանին։ Օրեր առաջ Տեր-Պետրոսյանը դրական գնահատականներ էր տվել Սամվել Կարապետյանին, գովաբանել նրան։ Ենթադրելի է, որ երբ Առաջին նախագահի առանձնատունը հոսանքազրկել են, նա ոչ թե Ռոմանոս Պետրոսյանին է զանգահարել, այլ ՀԷՑ-ի նախկին ղեկավարներին։ Դրանից հետո ՀԷՑ-ը արձագանքել և պարզաբանել է հոսանքազրկման պատճառները, որի մեջ կար թափանցիկ ակնարկ, որ Սամվել Կարապետյանը փոխադարձ հարգանքով է վերաբերվում Տեր-Պետրոսյանին։
Կա հոռետեսական վարկած, թե Փաշինյանի ցուցումով են անջատել Առաջին նախագհի տան լույսն ու ջուրը, ցույց տալով, որ ՔՊ առաջնորդը պարզապես վատություն է անում Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս չի աջակցում ՀՀ իշխանություններին, չի արդարացնում ՔՊ-ի ձախողումները, չի դառնում նրա սատելիտը։ Եվ եթե ոմանք կարծում էին, թե Փաշինյանը և Տեր-Պետրոսյանը բնական դաշնակիցներ են, մինյանց փոխլրացնում են, միմյանց վերաբերվում են ինչպես հայր ու որդի, համաձայնեցված են գործում, ապա մարտի 15-ի անլույս, անջուր մեկօրյա պատիժը ապացուցեց հակառակը, որ նրանք իրապես մրցակիցներ են, ավելին՝ հակառակորդներ։ Պարզ ասած՝ ինչպե՞ս կարող է Փաշինյանը Տեր-Պետրոսյանի դաշնակիցը լինել, երբ վերջինիս լույսն ու ջուրը մեկ օրով անջատում են։
Եվ, ի վերջո՝ կա դավադրապաշտական վարկած։ Տեր-Պետրոսյանը, չնայած, պատկառելի տարիքին, շարունակում է քաղաքական գործիչ մնալ, նրա խոսքն ազդեցիկ է, վարքն օրինակելի։ Հետևապես՝ նրա դիրքորոշումը կարևոր է Փաշինյանի համար, որը փորձում է ակտիվացնել ռուսամետ ուժերին ու նրանցով վախեցնելով՝ կրկին հաղթել ԱԺ ընտրություններում։ Օրեր առաջ ՀԱԿ համագումարին Տեր-Պետրոսյանի ֆիզիկապես ներկա չլինելը, հավանաբար, մտահոգություն էր առաջացնել ՔՊ-ական իշխանության մոտ, որ Լևոն պապին կարող է ծուլանալ, գլուխ պահել, չմտնել ակտիվ ընտրապայքարի մեջ, ինչի արդյունքում կթուլանա ռուսամետ բևեռը և Փաշինյանի խաղը կձախողվի։
Այս տեսանկյունից ենթադրելի է, որ Առաջին նախագահի առանձնատան լույսն ու ջուրը միտումնավոր են անջատել՝ որպես նախազգուշական ազդակ ու թափանցիկ ակնարկ, որ Փաշինյանն ու Կրեմլը նրանից ակնկալում են ակտիվ մասնակցություն ընտրական գործընթացներին, ակտիվ դերակատարում ռուսամետների ճամբարում։
Պատկերավոր ասած՝ Լևոն Տեր-Պետրոսյանի լույսն ու ջուրն անջատել են, որ նա տանից դուրս գա, գործ անի։ Հավանաբար՝ ՔՊ-ն ակնկալում է, որ նա կհաղթահարի ծերունական խնդիրներն ու ավելի ակտիվ կմասնակցի ընտրապայքարին, ավելի շատ հանդես կգա գրառումներով, ուղերձներով, ելույթներով, ավելի շատ կվատաբանի ՔՊ-ին։ Իսկ Փաշինյանը մատնացույց կանի նրան ու կպտտի հին, խազած վինիլը, թե բոլոր մրցակիցները նախկիններն են, ուղղորդվում են Կրեմլից։
Թաթուլ Մկրտչյան