Ինչպես արդեն հայտնել եննք, այս պահին կիբերխարդախություններից տուժածները Դատախազության դիմաց ակցիա են անում։ Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կիբերհարթակի գործունեությունը Հայաստանում լայն տարածում է ունեցել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ տուժել են։
Նրա խոսքով՝ ինքը տեղեկացված է հարթակի գործունեությունից և զարմացած է, որ այն չի կանխվել։ «Չկա վերահսկողություն, և ոչ ոք դա չի կանխել։ Մարդիկ մտել են հարթակ, մտածել են, թե աշխատանք են սկսում կամ ներդրում են անում՝ որպես երկրորդ եկամտի աղբյուր»,- ասաց նա։
Մասնակիցը ընդգծեց, որ հարթակի գործունեությունը եղել է լայնածավալ և տեսանելի․ կազմակերպվել են հավաքույթներ, գործել են գրասենյակներ, տարածվել են գովազդային նյութեր։ «Այդ ամենի մասին հնարավոր չէր չիմանալ»,- նշեց նա։
Նա համեմատություն անցկացրեց՝ նշելով, որ անգամ փոքր գործունեության դեպքում պետական վերահսկողությունը խիստ է։ «Սովորական քաղաքացին, եթե ցանկանում է իր այգու բերքը վաճառել, անմիջապես բախվում է վերահսկողության։ Ես անձամբ տեսել եմ, թե ինչպես մի քանի րոպեի ընթացքում հարկ են պահանջում։ Իսկ այսքան մեծ հարթակը ո՞նց կարող էր չկանխվել»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցը վստահություն հայտնեց, որ նման իրավիճակները հնարավոր է կանխել՝ վերահսկողությունն ուժեղացնելու դեպքում։ «Պարզապես պետք է աշխատել, որպեսզի նման բաներ Հայաստանում չկրկնվեն»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով պատասխանատվության հարցին՝ նա նշեց, որ կանխարգելման բացակայությունը վկայում է կամ անգործության, կամ հնարավոր ներգրավվածության մասին։ «Եթե աշխատանք կա, դրա արդյունքը երևում է։ Եթե չի կանխվել, նշանակում է՝ կամ չեն աշխատել, կամ չեն ցանկացել կանխել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ անձամբ ունի ծանոթներ, ովքեր տուժել են՝ ներդնելով տարբեր գումարներ։ «Կան մարդիկ, ովքեր կորցրել են 400 հազար, 800 հազար դրամ և ավելի»,- նշեց ակցիայի մասնակիցը։