Հայաստանում բանկային համակարգը տարիներ շարունակ ակտիվորեն գովազդում է քեշբեքային ծրագրերը՝ խոստանալով քաղաքացիներին վերադարձնել իրենց ծախսած գումարի մի մասը։
Մինչդեռ
Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ բանկերը հաճախ խարդախությունների են դիմում՝ փորձելով ավել շատ եկամուտներ ստանալ։

Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ «Էվոկաբանկը» Visa Vision Reward-ի միջոցով չարաշահել է քեշբեքային մեխանիզմը՝ կասկածի տակ դնելով և՛ իր, և՛ այդ գործիքակազմի նկատմամբ հանրության ունեցած վստահությունը։

Բանկը, խախտելով Հարկային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, 2024թ.-ի տարեկան շահութահարկի հաշվարկի համախառն եկամտից նվազեցվող մարկետինգային ծախսերի կազմում ներառել է «քեշբեքի» տեսքով ֆիզիկական անձանց անհատույց տրամադրված դրամական միջոցների արժեքը` 124.319.477 դրամ գումարի չափով, ինչի արդյունքում շահութահարկով հարկման բազան պակաս է հաշվարկվել նույն գումարի չափով:
Այս խարդախությունների համար բանկը 2024 թվականին տուգանվել է 37 մլն 208․198 դրամով, որը շահութահարկի գծով ենթակա է լրացուցիչ գանձման։ Այս գումարը հաշվարկվել է 3 բաղադրիչով՝ հետևյալ կերպ․ ՀՀ Հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով ռեզիդենտ շահութահարկ վճարողի պակաս հաշվարկված հարկման բազայի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 2024թ.-ին 22 մլն 377․506 դրամ (124 մլն 319․477 x18%):
Համաձայն ՀՕ 403 հոդված 1-ին մասի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր հարկային հաշվարկում հարկի գումարը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարները՝ 2024թ.-ի համար 22 մլն 377․506 դրամ, ինչպես նաև տուգանք այդ գումարների 50 տոկոսի չափով 11 մլն 188․753 դրամ:
Համաձայն ՀՕ 401 հոդվածի 1-ին կետի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ 0.075 տոկոսի չափով՝ 3 մլն 641,939 դրամ (22 մլն 377․506 x 0.075%x217 oր):
Ուշագրավ է, որ «Էվոկաբանկը» չի վճարել այս տուգանքը և դիմել է ՊԵԿ-ին՝ այն չեղարկելու նպատակով։
Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը հաջորդիվ քննություն է իրականացրել և բավարարել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմում-բողոքը՝ անվավեր ճանաչելով տուգանքի որոշումը, որը կազմվել էր 2025 թվականի նոյեմբերի 24-ին։
Տուգանքի չեղարկելիս ՊԵԿ-ն առաջնորդվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 20-րդ բաժնով, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով:
Այսպիսով՝ «Էվոկաբանկը» փաստացի նախընտրել է չհերոսանալ և շահութահարկը քիչ ստանալ, ինչի համար տուգանվել է։ Հաջորդիվ ՊԵԿ-ը հիշյալ բանկի նկատմամբ բավականին բարի է գտնվել և չեղարկել վերջինիս ավելի քան 37 մլն դրամ տուգանքը, իսկ թե այս բարության համար «Էվոկան» ինչպես է վարձահատույց եղել՝ կարող ենք միայն ենթադրել․․․