Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 15:39 17-03-2026

Եթե Իրանում հակամարտությունը շարունակվի, ՀՀ-ում գնաճը 1,2-1,7%-ով կաճի. ԿԲ նախագահ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հնարավոր է՝ ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա: Մեր գնահատականներով՝ դա կկազմի 1.2-ից 1.7 տոկոս։

Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Սա ռիսկերի տիրույթում է, մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7 տոկոս»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Միջին Արևելքում հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ՝ գնաճի ավելացման տեսանկյունից. «Դա բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի ու տնտեսական զարգացումների վրա»,- ընդգծեց Գալստյանը։

ԿԲ նախագահն ասաց, որ եթե արտաքին պահանջարկը նվազեց, բնականաբար, կազդի Հայաստանի տնտեսության արդյունքների վրա. «Դրանք ոչ միայն լինելու են տնտեսական, այլև՝ հոգեբանական, օրինակ՝ մարդիկ, որոնք տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են ինչ-որ վատ սցենարներով՝ կարող է զերծ մնան այս տարի Հայաստան այցելելուց»,- նկատեց նա։

Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից խնդիր կարող է լինել նաև հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումը։

ԿԲ նախագահն ասաց, թե գնաճի մասով այս պահին դեռ դիտարկում չկա, արդեն մարտի գնաճի մեջ պետք է երևա, իսկ մարտ ամսվա գնաճի թվերը դեռ չկան, կա փետրվարինը, որտեղ արտացոլված չեն այն զարգացումները, որոնք տեղի են ունենում։

Մարտին Գալստյանը նաև ընդգծեց, որ նավթի գների հնարավոր աճը կարող է հանգեցնել ապրանքների թանկացման արդեն առաջարկի տեսանկյունից, քանի որ դա մեծացնելու է ինքնարժեքը։