«Չի բացառվում, որ ինքն իր մասին է խոսում, որովհետև տեսեք՝ նա փորձում է լինել և՛ պրոռուսական ուժի ղեկավար, և՛ ռուսամետ ընդդիմության, և՛ հոգևոր ընդդիմության առաջնորդ։ Այնպես որ դժվար է մեկնաբանել նման անհեթեթությունները»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մարտի 15-ին կապանում քաղաքացիների հետ զրույցում ծանր ու ամոթալի մեղադրանք էր հասցեագրել ընդդիմադիր ուժերին. «Էսօր ասում են՝ խաղաղությունը արժանապատիվ չէ, իսկ Հայաստանի 30 տարվա վասալային վիճակը արժանապատի՞վ է։ Էսօր ձևավորվող, կոնսոլիդացվող ընդդիմությունը, ըստ էության՝ 100 տոկոսով օտարերկրյա էմիսարներ են: Մարդիկ եկել են, իրենց հայրենիքում ներկայանում են որպես օտար շահերի ներկայացուցիչ և խոսում են արժանապատվությունից»։
Oragir.News-ը փորձեց այս թեմայի վերաբերյալ զրուցել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս մեր զանգերին չպատասխանեցին։
«Հայաստան» դաշինքի հետ ևս մեզ չհաջողվեց կապ հաստատել, և չկարողացանք պարզել, թե ինչպես են նրանք հակադարձում Փաշինյանի վերը բերված ծանր և ամոթալի մեղադրանքին։