Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:00 15-03-2026

Մարտունու ճանապարհները՝ գլխացավանք վարորդների համար. փոսերը ամիսներով չեն վերանորոգվում

Oragir.News-ը Մարտունու իր ընթերցողներից ահազանգ է ստացել, որ քաղաքի գրեթե բոլոր ավտոճանապարհները լցված են փոսերով, որոնք ամիսներ շարունակ չեն վերանորոգվում։

Բնակիչների խոսքով՝ ճանապարհների վատ վիճակը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում վարորդների համար, այլև հաճախ դառնում է ճանապարհատրանսպորտային պատահարների, խցանումների և վտանգավոր իրավիճակների պատճառ։

Վարորդները նշում են, որ որոշ հատվածներում փոսերն այնքան խորն ու բազմաթիվ են, որ ստիպված են լինում զգալիորեն դանդաղեցնել ընթացքը կամ շրջանցել դրանք, ինչի հետևանքով հաճախ առաջանում են նաև երթևեկության խցանումներ։

Խնդիրը առավել ակնհայտ է նաև այն պատճառով, որ հենց այս հատվածներով է անցնում վարորդական իրավունքի համար քննություն հանձնելու երթուղին։ Քննություն հանձնող քաղաքացիների համար ճանապարհի նման վիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում՝ ազդելով թե՛ երթևեկության անվտանգության, թե՛ քննության բնական ընթացքի վրա։

Մարտունու բնակիչները հույս են հայտնում, որ պատասխանատու կառույցները ուշադրություն կդարձնեն խնդրին և հնարավորինս արագ քայլեր կձեռնարկեն քաղաքում ավտոճանապարհների վիճակը կարգավորելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում: