Գյումրիում հանրային տրանսպորտի աշխատանքը շարունակում է դժգոհությունների պատճառ դառնալ։ Քաղաքի բնակիչները հաճախ բողոքում են, որ երեկոյան ժամերին գրեթե անհնար է տուն հասնել հանրային տրանսպորտով, քանի որ այն աշխատում է մինչև ժամը 20։00–ը, իսկ բացառիկ դեպքերում՝ մինչև 21։00–ը։
Թեմայի շուրջ
Oragir.News-ը զրուցել է Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդգար Բաղդասարյանի հետ։
Բաղդասարյանի խոսքով՝ տարիներ առաջ Սավոյան փողոցը դուրս էր մնացել 14 համարի երթուղայինի գծից, սակայն ավագանու հետևողական աշխատանքի շնորհիվ այն կրկին վերադարձվել է երթուղի։
«2025 թվականին, երբ Գյումրիի քաղաքագլուխը Սարիկ Մինասյանն էր, Սավոյան փողոցը մտել էր 14 համարի երթուղայինի գիծ, հետո չգիտես ինչու դուրս մնաց։ Մեր հետևողական աշխատանքի արդյունքում Սավոյանը նորից մտավ 14 համարի երթուղայինի գիծ։ Խնդիրներ կային նաև 14 համարի երթուղայինի պարբերական աշխատանքի հետ կապված։ Հասանք այն արդյունքին, որ 14 համարը հասավ մինչև Անի թաղամաս»,– նշեց նա։
Ավագանու անդամի խոսքով՝ տրանսպորտի խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ոչ միայն ավագանու նիստերին, այլ նաև դրանցից դուրս։
«Շատ մտահոգիչ է, որ Գյումրին, լինելով Հանրապետության երկրորդ քաղաքը, ունի տրանսպորտ, որը աշխատում է մինչև ժամը 20։00–ը, բացառիկ դեպքերում՝ մինչև 21։00–ը»,– ասաց Բաղդասարյանը։
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ քաղաքի կառավարումը ձախողված է, Էդգար Բաղդասարյանը պատասխանեց.
«Ես անձամբ նույն կարծիքին եմ, որովհետև Գյումրի քաղաքի հիմնախնդիրները բավականին շատ են։ Ամեն օր բախվում ենք նույն խնդիրներին՝ թափառող շներ, փողոցների փոսեր, աղբահանություն և այլն։ Ավագանու նիստերում մի քանի օրակարգային հարցերով հնարավոր չէ քննարկել քաղաքի բոլոր խնդիրները։ Եթե սպասենք, թե օրակարգը երբ կհասնի մյուս հարցերին, կարող ենք տարիներ սպասել։ Այդ պատճառով էլ ամեն նիստի փորձում ենք բարձրաձայնել խնդիրները»։
Քաղաքային իշխանության աշխատանքի վերաբերյալ Բաղդասարյանը նշեց, որ աշխատանք կատարվում է, սակայն այն չի համապատասխանում գյումրեցիների սպասումներին։
«Աշխատում են, բայց չեն կարող աշխատել այն ջանասիրությամբ, որը պետք է գյումրեցուն։ Գյումրեցուն բացարձակ հետաքրքիր չէ, թե մենք ներսում ինչ հարաբերությունների մեջ ենք։ Մեր առաքելությունը քաղաքացիների խնդիրները բարձրաձայնելն է, և որքան շատ խոսենք դրանց մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կլուծվեն»,– ասաց նա։
Խոսելով նաև տրանսպորտի կառավարման մասին՝ ավագանու անդամը նշեց, որ այստեղ նույնպես լուրջ խնդիրներ կան։
«Ցավոք սրտի, չեմ կարող կոնկրետ գնահատական տալ, բայց կարծում եմ, որ վերահսկողություն չկա։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ քաղաքային իշխանության մոտ մենեջմենթի խնդիր կա, այսինքն՝ կառավարման բացակայություն։ Չեն կարող կառավարել այնպես, ինչպես հարկն է»,– նշեց Էդգար Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև վարորդների վարքագծի հետ կապված։
«Ցավոք սրտի, կան վարորդներ, որոնք իրենց վատ են պահում և կոպիտ են պատասխանում քաղաքացիներին։ Ունենք նախադեպ, երբ այդ պատճառով վարորդը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել մեր անմիջական հորդորով»,– ասաց նա։
Բաղդասարյանը նաև հիշեցրեց, որ Սարիկ Մինասյանի պաշտոնակատար լինելու շրջանում պայմանավորվածություն կար, որ քաղաքային տրանսպորտի վարորդները պետք է հատուկ վերնաշապիկներ կրեն՝ սպասարկման մշակույթը բարձրացնելու համար։
«Ես չգիտեմ, թե ինչ կրիտերիաներով են ընտրում հանրային տրանսպորտի վարորդներին, բայց Սարիկ Մինասյանի պաշտոնակատար եղած ժամանակ պայմանավորվածություն կար, որ վարորդները պետք է հատուկ վերնաշապիկներ հագնեին, որպեսզի սպասարկումն ավելի հաճելի լիներ։ Իմ կարծիքով՝ այդ ժամանակ տրանսպորտի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծվել էին»,– եզրափակում է ՔՊ-ական ավագանին։
Հավելենք, որ Գյումրիում հանրային տրանսպորտի խնդիրը շարունակում է մնալ գյումրեցիներին ամենաշատը հուզող խնդիրներից մեկը։ Քաղաքի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են հատկապես երեկոյան ժամերին տրանսպորտի բացակայության մասին։ Մինչ քաղաքային իշխանությունները փորձում են լուծումներ գտնել, ակնհայտ է, որ ոլորտում դեռևս կան ինչպես կառավարման, այնպես էլ սպասարկման մշակույթի հետ կապված խնդիրներ։