Oragir.News-ը ներկայացնում է մարտի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Դատարանն այս ժամերին քննում է բարերար և գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը։ Բակում հավաքված են բարերարի աջակիցները և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի: Լրագրողները Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին՝ արդյոք առաջարկ եղե՞լ է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը և դառնալ վարչապետի թեկնածու, ինչին նա պատասխանեց՝ «ոչ»: Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ աջակցում է Սամվել Կարապետյանին և հավատում ընդդիմության հաղթանակին։ Նախկին վարաչապետը միևնույն ժամանակ լրագրողների մյուս հարցերին չպատասխանեց․ «Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ, խնդրում եմ հարգել իմ այդ իրավունքը, մեկ օր հարցազրույց կտամ»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր ավելի վաղ ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց: Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանից պահանջում էին վերջ տալ «անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ»: «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»՝ այս կարգախոսներով են նրանք եկել կառավարության շենքի մոտ: Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հրապարակային աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն։
Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է: Այս մասին ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր Սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրի հղում չլինի, ինքը կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է: Ոչ թե պետություն ենք ստեղծում այդ հռչակագարով մեր քաղաքացիների բարեկեցությունն ու ազատությունը ապահովելու համար՝ այլ պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի ու Արևմտյան Հայաստանի համար: Մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը, մանավանդ, որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, և պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը»,- նշել է նա: Ըստ Փաշինյանի՝ խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, իսկ ինքն առաջնորդում է այդ շարժումը։ «Երբ որ մենք ասում ենք Արցախի Հանրապետություն, արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժեք, հետևանք: Չկա որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունները հնչում են, լինի դա Եկեղեցում, լինի դա գիտական տրամաբանությամբ, հանրային տրամաբանությամբ, որ ինքը ինչ-որ մի պահի չբերի կոնֆլիկտի»,- պնդել է նա, ապա հավելել, որ Վեհափառը և նախկին նախագահները տեղավորվում են պատերազմի կուսակցության տրամաբանության տակ։
Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանը վերջին վեց օրվա ընթացքում մասնակցել է երեք բազմամարդ միջոցառման։ Այս մասին ասված է «Իմ քայլը» հիմնադրամի հաղորդագրության մեջ: «Մարտի 8-ին նա ներկա է գտնվել «Դվին» Մյուզիք-հոլում կայացած Լյուբով Ուսպենսկայայի համերգին, մարտի 10-ին մասնակցել է անմահացած հերոսներ Ռուբեն և Արմեն Շահինյանների նորածին եղբոր մկրտության արարողությանն ու դրան հաջորդած խնջույքին, իսկ մարտի 12-ին` «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությանը Մատենադարանում, որի հյուրն էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ և ներդրումային խորհրդատու Մարք Չէնեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաջորդիվ հիմնադրամը լրատվամիջոցներին մեղադրել է այս ամենը մանիպուլացնելու, կեղծիք ու բամբասանք տարածելու մեջ։ Հիմնադրամից նշել են, որ այս պատկերը խորը հիասթափություն և տրտմություն է առաջացնում, ինչպես նաև հարկ են համարել լրագրողներին հիշեցնել, թե որն է լրագրողի մասնագիտական կոչումն ու առաքելությունը և փորձել կրել դրանք։ «Ակնկալում ենք, որ այսուհետ հայաստանյան լրատվամիջոցները առավել ակտիվորեն կլուսաբանեն «Իմ քայլը» հիմնադրամի` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող լայնածավալ գործունեությունը, ինչի արդյունքում հանրային դաշտում ոչ ժամանակ, և ոչ էլ տարածք կմնա կեղծիքների, բամբասանքների և ինտրիգների համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլին կմեկնի Թուրքիա։ Գործուղման կարգադրությունը հրապարակվել է ԱԺ–ի կայքում։ Ըստ փաստաթղթի` Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում միայն ՔՊ-ականներ են ընդգրկված, ընդդիմադիր պատգամավորներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում: