Սերվանտեսի հնարամիտ իդալգոն հաղթեց հողմաղացի դեմ անհավասար կռվում՝ ընդհանուր ծիծաղ պարգևելով ընթերցողին։ Ներկայումս Նիկոլ Փաշինյանն է մենամարտում պատերազմի կուսակցության դեմ։
Ի՞նչ է պատերազմի կուսակցությունը, ե՞րբ է այն ստեղծվել, ինչո՞վ է հայտնի և կարո՞ղ է հաղթել Փաշինյանին։
Զավեշտն այն է, որ Հայաստանում պատերազմի կուսակցություն չկա։ Ռեգիստրում այդ անունով գրանցված իրավաբանական անձ գոյություն չունի։ Չկա նաև ընդհատակում գործող պատերազմի կուսակցություն։ Դրա գոյության մասին տեղեկություն չունի նույնիսկ ԱԱԾ-ն, որը բոլորի մասին ամեն ինչ գիտի։
Այս մասին խոսք կա վերացական մակարդակում։ Պացիֆիստները Իսրայելի «Լիկուդ» կուսակցությունն են որակում պատերազմի կուսակցություն։ Հայկական քաղաքական խոսույթում պատերազմի կուսակցության մասին առաջին անգամ ակնարկվել է 1998-ի փետրվարի 3-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստում և դարձյալ Իսրայելի հետ համեմատության մեջ։
«Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն։ Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց ե՛ւ Իսրայելում, ե՛ւ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր»,- ասել է Առաջին նախագահը։
Այսպիսով՝ նա ակնարկում է, թե ինքը խաղաղության կուսակցությունն էր, իսկ իրեն փոխարինել է պատերազմի կուսակցությունը, այսինքն՝ այն բոլոր ուժերը, կուսակցությունները, գործիչները, որոնք 1998-ից ստանձնեցին իշխանությունը հավաքականորեն որակվեցին պատերազմի կուսակցություն։ Այս հավաքական կուսակցության առաջնորդներն էին Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
Եվ 2021-ից հետո Փաշինյանն իրեն որակում է խաղաղության կուսակցություն, իսկ իր մրցակիցներին՝ պատերազմի կուսակցություն։ Նմանությունն այն է, որ և՛ 1998-ին, և՛ հիմա պատերազմի կուսակցության առաջին շարքերում Ռոբերտ Քոչարյանն է։ Տարբերությունն այն է, որ ներկայում Արցախն ամբողջությամբ զավթված է Ադրբեջանի կողմից, Արցախում հայ չկա, Արցախի ազատության կամ ինքնորոշոման իրավունքի համար պայքար փաստացի չկա, նախաստորագրված է խաղաղության պայմանագիրը, ԹՐԻՓՓ-ն էլ վրադիր։ Քաղաքական մեծ ակտորներից ոչ ոք պատերազմի ծրագիր չունի, առավելագույնը հեռվից ակնարկում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Բոլորը կողմ են խաղաղությանը։ Ոչ ոք օգոստոսի 8-ի նախաստորագրվածը պատռելու կարգախոսով հանդես չի գալիս։
Հետևապես՝ այսօր գոյություն չունի պատերազմի կուսակցություն ո՛չ իրականում, ո՛չ ըստ էության։ Իրականության հանդեպ արհամարհանք է ոչ միայն պատերազմի կուսակցության դեմ հռչակված պայքարն, այլև այն, որ Փաշինյանն այսքան աղետից հետո չի մտածում տարածաշրջանի խաղաղության ամենամեծ սպառնալիքը չեզոքացնելու՝ Հայաստանից ռուսական զորքերը դուրս հրավիրելու մասին, բայց ներկայանում որպես խաղաղության կուսակցություն։
Սերվանտեսի ժամանակ մի անեկդոտ կար՝ «Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ը մի անգամ տեսնում է մի ուսանողի, որը փողոցով քայլելով գիրք էր կարդում ու բարձր ծիծաղում։ Թագավորն ասում է. «Սա կա՛մ գիժ է, կա՛մ «Դոն Կիխոտ» է կարդում»։ Ինչպես ընթերցողն է ծիծաղում հողմաղացի դեմ կռիվ տվող Դոն Կիխոտի վրա, նույնկերպ էլ հիմա ՀՀ քաղաքացին ու եվրոպացին են ծիծաղում Փաշինյանի վրա, որը մտել է Դոն Կիխոտի կերպարի մեջ, հորինել պատերազմի կուսակցություն ու նրա դեմ պայքարի ելել վերընտրվելու համար։ Ինչպես Սերվանտեսի հերոսն է հողմաղացը ներկայացնում որպես սպառնալիք, իսկ նրա դեմ պայքարը՝ մարդկության փրկության համար կռիվ, նույնկերպ Փաշինյանն է հունիսի 7-ի հավակնորդներին ներկայացնում որպես պատերազմի կուսակցություն, իսկ նրանց հաղթելը՝ առաքելություն։ Եվ ինչ վնաս տվեց Դոն Կիխոտը՝ կոտրելով հողմաղացը, նույնպիսի վնաս է պատճառելու Փաշինյանը ռացիոնալ քաղաքական դիրքորոշումների դեմ պայքարի արդյունքում։
Կարճ ասած՝ ծիծաղելի և ամոթալի է, որ աղետալի սխալների, պարտության, կորուստների պատասխանատուն, երբեմնի թշնամու պահանջները կատարողն այսօր ներկայանում է որպես խաղաղության կուսակցություն, ազգային իրավունքները փոքրոգաբար ուրանալը ներկայացնում խաղաղության ջատագովություն, իսկ իրականությանը համարժեք արձագանքը, ռացիոնալ դիրքորոշումները ներկայացնում իբրև պատերազմի կուսակցություն։
Թաթուլ Մկրտչյան